Wednesday, November 18, 2009

Դավութօղլուն ցանկանում է փոխել Ղարաբաղի «ստատուս քվո՞ն»

Tert.am. 18-11-2009- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ելույթ ունենալով խորհրդարանում ԱԳՆ բյուջեի շուրջ ծավալված բանավեճերի ժամանակ, հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի հրաժարվի իր վերջնական նպատակից, որն է Եվրոպայի հետ լավ հարաբերություններ ունենալը, հաղորդում է թուրքական «Անադոլուն»։ «Թուրքիան տարածաշրջանային կարևոր խաղորդ է։ Բացի այդ, մեր առանձնահատուկ աշխարհագրական դիրքը դրդում է մեզ միաժամանակ զարգացնել արտաքին հարաբերությունները այլ տարածաշրջանների հետ։ Մենք չենք կարող ասել, որ մեզ համար միևնույն է, թե ինչ է կատարվում Եվրոպայում կամ Իրանում»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ Ահմեթ Դավութօղլուն նաև անդրադարձել է հայ-թուրքական Արձանագրություններին։ Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ «այդ Արձանագրությունների առումով մեր նպատակը հայ-թուրքական սահմանի երկուստեք ճանաչումն է։ Արձանագրությունները հստակ որոշում են սահմանները։ Այդ Արձանագրություններում չկա Թուրքիայի շահերին հակասող որևէ բան»։ «Ադրբեջանը կորցրել է իր տարածքների 20 տոկոսը։ Այդ ստատուս քվոն չի փոխվել վերջին 17 տարիների ընթացքում։ Մենք մեծապես կարևորում ենք ադրբեջանական տարածքների ամբողջականությունը։ Եթե մենք չփորձենք փոխել ստատուս քվոն ևս 10 տարվա ընթացքում, այն մշտական բնույթ կստանա»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան նպատակ է հետապնդում փոխել իրավիճակը տարածաշրջանում դիվանագիտական ճանապարհներով։ «Այդ դեպքում Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կարող են բարելավվել։ Բացի այդ, մենք կարող ենք խաղաղ մթնոլորտ սերմանել Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչը կարող է ճանապարհ հարթել դեպի ադրբեջանական տարածքների ազատումը»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։

No comments: