Panorama.am. 18-11-2009- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, արտգործնախարարության 2010թ. բյուջեն խորհրդարանի բյուջեի պլանավորման հանձնաժողովին ներկայացնելիս, անդրադարձել է նաև որոշ օրակարգային հարցերի: Թուրքական «Հուրրիյեթ» (Hurriyet)-ի տեղեկացմամբ` Դավութօղլուն նշել է, որ եվրաանդամակցության գործընթացում Անկարայի վերջնական նպատակը ԵՄ-ին լիիրավ անդամակցելն է: Այլընտրանքային որևէ տարբերակ, ըստ Դավութօղլուի, Թուրքիայի համար անընդունելի է:
Այդ նպատակով էլ Թուրքիան վճռականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն բարեփոխումները, որոնք պահանջվում են լիիրավ անդամակցության համար:
Դավութօղլուն խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին` ասելով.
«Մենք հավատում ենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումը կիրականանա ու մշտական կլինի միայն ու միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ»:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` հայ-թուրքական կարգավորման գործընթացն ինքնին լուրջ արագություն է հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին` նպատակաուղղված ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը:
«Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները վերջին 6-7 ամսում արդեն 7 անգամ հանդիպել են ու դեռ էլի պետք է հանդիպեն: Հուսով ենք, որ այս ճանապարհով մենք դառնալու ենք Կովկասում կայուն և լայնընդգրկուն խաղաղություն հաստատող առաջամարտիկը»:
Դավութօղլուն նաև նշել է, որ իրենց վերջնական նպատակն է հասնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացմանը, հարգանք դրսևորել միմյանց սահմանների նկատմամբ և բարիդրացիական հարաբերությունների վրա խարսծված քաղաքականության իրականացնել: Նա կարևորել է նաև հայ և թուրք հասարակությունների նորովի շփումը և պատմական հանձնաժողովի հիմնումը:
Wednesday, November 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment