Wednesday, November 18, 2009

Սոցիոլոգ. Մենք պետք է համակարգված գործողություններ իրականացնենք մեր մշակութային ժառանգության թալանի դեմ

Panorama.am. 18-11-2009- Երիտասարդ ազգերին բնորոշ է ուրիշի մշակութային արժեքների ու նվաճումների յուրացումը, դրանք որպես սեփականը ներկայացնելը: Նման խնդիր ունեն թուրքերը, ադրբեջանցիները, ղազախները, ղրղզները, ուկրաինացիները և այլն: Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ում համարմամբ, թուրքերն ու ադրբեջանցիները նույնիսկ տեխնոլոգիա ունեն մշակած, թե ինչպես սեփականացնել ուրիշ ազգերի մշակութային արժեքները: «Առավել հաջողակ են նման բաներում թյուրքալեզուները՝ ուզբեկները, ղազախները, թուրքմենները, Անատոլիայի ու Ադրբեջանի թուրքերը»,-ասաց սոցիոլոգն ու կարծիք հայտնեց, որ զավթողական քաղաքականությունը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համար կարող է լուրջ խոչընդոտ դառնալ: Այս խնդրին մի քանի անգամ բախվել ու ադրբեջանցիների հետ ընդհարումներ են ունեցել Հայաստանի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի ներկայացուցիչները՝ Մոսկվայում անցկացվող «Ազգային տարազ» նորաձևության միջազգային մրցույթին մասնակցելիս: Այսօր ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը պատմեց, որ ռուսաստանի թյուրքալեզու կանանց կողմից այս մրցույթին մասնակցող ադբեջանցիները մի քանի անգամ հայտարարել են, թե հայերի կողմից ազգային տարազ ներկայացված հագուստները ադրբեջանական են, նրանք անգամ պնդել են, թե երաժշտությունը, որի ներքո աղջիկները բեմ են դուրս գալիս, նույպես իրենց ազգայինն է: Է. Սեդրակայնն էլ խորհուրդ է տվել գնալ ու լավ ուսումնասիրել ազգային պատմությունը: Նա նաև ասաց, որ չնայած մրցույթի ժյուրիի կազմում հիմնականում մուսուլմաններ են եղել, սակայն հայ ներկայացուցիչները միշտ էլ բարձր մրցանակների են արժանացել: Ա. Ադիբեկյանը հիշեցրեց, որ մեր ազգային տարազները, զարդանախշերը, խոհանոցը պատկերված ու մանրամասնորեն նկարագրված են ասենք 5-րդ դարում կամ դրանից ավելի վաղ տպագրված գրքերում: Ասուլիսի մասնակիցներն այն համոզման են, որ հայերն այս հարցերում անտարբեր են, իսկ այդ անտարբերությունը կործանիչ է: Երկու բանախոսներն էլ կարծիք հայտնեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հարցի կարգավորումից հետո, այս խնդիրները ոչ թե կսրվեն, այլ կհարթվեն, միայն թե պետք է հարցի լուծմամբ զբաղվեն մասնագետ ու տեղեկացված մասնագետներ, ոչ թե պաշտոնյաններ ու անտեղյակներ: «Թուրքերի նկատմամբ մեր ինքնության պահպանումը վերածվել է պաշտպանության, քանի որ մարտական գործողությունները տեղափոխվել են այլ ոլորտներ՝ սպորտ, արվեստ, արհեստ և այլն: Մենք պետք է համակարգված գործողություններ իրականացնենք մեր մշակութային ժառանգության թալանի դեմ՝ օգնելով թուրքերին ճիշտ ինքնագիտակցելու և մեզ հետ փոխհարաբերվելու պայմաններ ունենալու խնդրում»,-եզրափակեց Ադիբեկյանը:

No comments: