Wednesday, November 18, 2009

Թուրք խորհրդարանականները` հայ-թուրքական սահմանի բացման մասին

Panorama.am. 18-11-2009- Թուրքական խորհրդարանի օրակարգում նախօրեին այդ երկրի արտաքին քաղաքականությունն էր` կապված էր արտգործնախարարի` մեջլիսի բյուջեի պլանավորման հանձնաժողովին նախարարության 2010-ի բյուջեն ներկայացնելու հետ: Հարցուպատասխանի ժամանակ, ըստ «Հուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Շյուքրու Էլեքդաղն իր ելույթում ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հեռավոր ապագայի գործ է, հետևաբար հայ-թուրքական արձանագրությունները վավերացման համար մեջլիս ուղարկելը, ըստ նրա, շտապողականության արդյունք է: Մեկ այլ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Մյունիր Քութլուաթան նկատել է տվել, որ Թուրքիայի իշխանությունները սկզբում ասում էին, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի այնքան ժամանակ, մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը: Սակայն վերջին շրջանում բազմիցս հնչեցված այդ արտահայտությունը վերափոխվել է հետևյալի. «Առանց Ադրբեջանի համաձայնության սահմանը չի բացվի»: Ընդդիմադիր պատգամավորը նաև հարց է ուղղել Ահմեթ Դավութօղլուին. «Հարևանների հետ զրո խնդիր ասելով` այդ ինչպե°ս եք միանգմաից զրոյացնելու բոլոր խնդիրները»: Դավութօղլուն էլ, անդրադառնալով «զրո խնդիր հարևանների հետ» որդեգրված սկզբունքին, նախ շեշտել է, որ դա գործնականում անհնար է, բացառվում է այնպիսի լուծում, որը կզրոյացնի բոլոր խնդիրները: «Քեմալ Աթաթուրքը երբ ասում էր. «Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում», կարծում եք, իրո°ք դրախտային միջավայր էր պատկերացնում: Մի°թե ներկայիս աշխարհում հնարավոր է, որ բոլորը իրար հետ խաղաղ գոյակցեն: Սա ընդամենը իդեալ է: Զրո խնդիրը մեր նպատական է, մեր տեսլականը»:

No comments: