Sunday, November 1, 2009

Մեկնաբանում է Ստամբուլում գործող հայ խմբագիրը

Aysor.am. 31.10.2009- Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագրությունը, թեև տեղակայված է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, սակայն շատ խոնավ ու մութ թվաց Հայաստանից Թուրքիա ժամանած լրագրողներիս: Թերթի խմբագիր Արա Գոչունյանը պատմեց, որ տարիներ շարունակ իրենք այնտեղ են աշխատում և իրենց համար արդեն հարազատ ու սովորական է դարձել խմբագրատան մթնոլորտը: Հայաստանից ժամանած հյուրերին հայ խմբագրատունն ընդունեց թուրքերին բնորոշ թեյի սեղանով, ապա Գոչունյանը մեր խնդրանքով իր կարծիքը հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների մասին: Նա նախ հիշեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերից: «Որպես երկու ինքնիշխան ազգ-պետություն` կարևոր են Թուրքիա-Հայաստան հարաբերությունները, հայ և թուրք ժողովուրդների հարաբերությունները և տարածաշրջանային հարաբերությունները: Դավութօղլուն որոշակի բացատրություններ տվեց այս մասին: Նա ասաց, որ Հայաստանի անկախությունից հետո մտավախություն կար, որ Հայաստանը չի ճանաչում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, բայց այս արձանագրություններով այդ կասկածները վերանում են»,- պատմեց խմբագիրը: Դավութօղլուն նաև նշել էր, թե որտեղ էլ լինի, եթե մի հայ և թուրք իրար հանդիպեն, իրար հետ լեզու պիտի գտնեն և այս արձանագրություններով դրա հողն է նախապատրաստվում: «Այսպես նա պատճառաբանեց պատմական ենթահանձնաժողովի առկայությունը»,- ասաց Գոչունյանը: Ինչ վերաբերում է տարածաշրջանային հարցերին, «Ժամանակ»-ի խմբագիրը հայտնեց, որ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ այստեղից դուրս չի մնում Ադրբեջանն ու Ղարաբաղի հիմնահարցը: «Այս երեք չափումների շուրջ էին Դավութօղլուի բանաձևումները: Նա նաև բացատրեց, որ Վրաստանում տիրող իրադությունները կապ չունեին Գյուլի` Երևան այցի հետ, ինչպես շատերն են փորձում կապել, ինչպես նաև` ասաց, որ օդից իջած նախագահի մակարդակով հանդիպում չի լինում»,- ներկայացրեց Գորչունյանն ու իր կողմից ավելացրեց, թե հանդիպումները ստացվեցին ֆուտբոլային դիվանագիտության բեմահարթակում, բայց լավ է, որ գոնե ստացվեցին: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարաբերությունների թատերաբեմ ներքաշելուն, Թուրքիայում գործող հայ խմբագիրը խորհուրդ տվեց համեմատական կարգով մոտենալ հարցին: «Մենք գիտենք, որ առաջին իսկ օրվանից Թուրքիան որոշ ցանկություններ ունի այդ հարցում, և այսօր էլ նորից շեշտվում է հարցը: Սրանից 10 տարի առաջ էլ Հայաստանն ասում էր, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, Թուրքիան էլ ասում էր, որ առանց Ղարաբաղի հարցի` չի մտնի գործընթաց: Սակայն այսօր արդեն արձանագրությունները ստորագրված են»,- ասաց նա: Գոչունյանը վստահ է, որ չափազանց լավատեսություն կլինի մտածել, թե առանց Ղարաբաղյան գործընթացում տեղաշարժի, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կարող է տեղաշարժ լինել: Սակայն այն, որ գործընթացը հասել է այնտեղ, որտեղ հասել է, նա առաջընթաց համարեց: «Այս անվստահության մթնոլորտի մեջ հարաբերվելը գոնե լավ է, երկուսն էլ իմանում են, թե ի՞նչ առաջնահերթություններ կան: Մենք էլ չպիտի մտածենք, թե մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի` հօգուտ Ադրբեջանի, Հայաստանն ու Թուրքիան չպետք է խոսեն: Տրամաբանական է, որ դիմացի մարդու հետ խոսելու համար դեմ դիմաց ես նստում, որ կողմերը փոխհամաձայնության գան: Ինձ չի թվում, որ արձանագրությունները նախկին իրողությունների մոռացում են նշանակում»,- ասաց Արա Գորչունյանը: Նա նաև նշեց, որ արդի պատմության մեջ առաջին անգամն են Հայաստանն ու Թուրքիան հարաբերվում հավասարը հավասարի հետ. «Մինչև այսօր Թուրքիայում հայերին որպես հպատակ էին նայում, այժմ այդպես չէ: Սրա վրա կարելի է գործել: Պատմությունը նոր է սկսվում»: Գոչունյանն անդրադարձավ նաև Սփյուռքում առաջացած բողոքներին, ասաց, որ «մեր քույրերն ու եղբայրներն» իրենց ուրույն կարծիքն ունեն, բայց Գոչունյանի խոսքերով, եթե այդքան տագնապած են, ավելի լավ կլիներ Երևանում արտահայտեին իրենց մտավախությունները: «Թող տոմս գնեին, գնային Երևան ու այնտեղ բողոքի ակցիաներ անեին: Չի կարելի նստել Փարիզում ու բողոքել, ի՞նչ իմաստ ունի: Մենք այստեղ մեր անկյունում նստած գործ ենք անում, բայց հարազատ ենք մեզ զգում: Ես ուզում եմ ասել, որ այս երկրում տեսնում եմ պրոֆեսիոնալ մոտեցում` պետական շահն առաջ տանելու գործում, և երբեք թուրքերը չեն բողոքի իրենց նախագահից դրսում»,- կարծիք հայտնեց Գոչունյանը:

No comments: