Tuesday, November 17, 2009

ՄԻԱՅՆ ԹԵ ՓՈՂ ՏԱՆ

Lragir.am 17.11.2009 - USA Armenian Life Magazine-ում հեղինակ Ապպո Ջաբարյանը տեղեկություններ է հրապարակել սփյուռքում Արկադի Ղուկասյանի մի քանի հանդիպումների եւ դրանցում եղած խոսակցության մասին, որը տեղի է ունեցել համահայկական դրամահավաքի նաշամեին: Արկադի Ղուկասյանը հատուկ հանձնարարությունների դեսպան է Հայաստանում եւ դրամահավաքից առաջ գնացել է սփյուռքահայ մեծահարուստների հետ հանդիպելու: Նպատակը բնականաբար պարզ է` փող ապսպրել համահայկական դրամահավաքի համար: Այդ հանդիպումների ժամանակ էլ Արկադի Ղուկասյանը մի քանի ուշագրավ մտքեր է արտահայտել հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ, որոնք էլ հրապարակել է Ապպո Ջաբարյանը: Ըստ նրա, Արկադի Ղուկասյանն ասել է, որ ինքը Սերժ Սարգսյանին ավելի շատ է դժգոհել հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ, որ Սերժ Սարգսյանը գուցե իսկապես սխավել է, բայց նա հայրենասեր է ու պետք չէ կշտամբել նրան, ասել է, որ արտգործնախարար Նալբանդյանը թույլ եւ անպատրաստ գործիչ է, ասել է, որ հայ-թուրքական հարցում սփյուռքի հետ երկխոսությունը իսկապես ուշացել է: Մի խոսքով, եթե դատենք Ապպո Ջաբարյանի տեղեկություններով, ապա տպավորություն է, որ Արկադի Ղուկասյանն ասենք Հայ ազգային կոնգրեսի անդամ է, ոչ թե հատուկ հանձնարարությունների գծով Հայաստանի դեսպան: Ու թվում է, որ Ապպո Ջաբարյանը չափազանցնում է, եւ Արկադի Ղուկասյանը չէր կարող այդպիսի բան ասել, քանի որ նա այդքան տգետ չէ չհասկանալու համար, որ դրանից հետո Սերժ Սարգսյանին որոշ բաներ “բացատրելու” բարդության առաջ է կանգնելու: Բայց կատարվածը, եթե իսկապես իրական է Ապպո Ջաբարյանի տեղեկատվությունը, ամենեւին էլ զարմանալի չէ, հատկապես նրանց համար, ովքեր քիչ թե շատ ըմբռնել են Հայաստանի ներկայիս իշխանության տրամաբանությունը: Այն թերեւս հետեւյալն է. այսօր անել ինչ պետք է այսօրվա համար, վաղը մի բան կլինի: Այդպես, իշխանությունը հայ-թուրքական արձանագրությունների հարցում ցուցադրաբար արհամարհեց սփյուռքին, անտեսելով, որ մի քանի շաբաթ անց այդ սփյուռքից փող է ուզելու համահայկական դրամահավաքի համար: Նույն տրամաբանությունն է. “մի բան կանենք, երբ գա փողն ուզելու ժամանակը”: Ահա այդ ժամանակը եկել է, ու Արկադի Ղուկասյանը գնացել է ուզելու, ու Սերժ Սարգսյանը դարձել է “գուցե սխալ”, Էդվարդ Նալբանդյանը դարձել է “թույլ ու անպատրաստ”: Եթե հարկ լինի, ապա Ղուկասյանն անկասկած նույնիսկ կարող է Սերժ Սարգսյանին անգամ դավաճան հռչակել, միայն թե սփյուռքը մի քիչ փող տա համահայկական դրամահավաքի ժամանակ: Այնպես որ, սխալվում են նրանք, ովքեր կմտածեն, թե Արկադի Ղուկասյանի “արկածը” Ամերիկայում անհավանական է: Դա միանգամայն հավանական է եւ բխում է Հայաստանի ներկայիս իշխանության տրամաբանությունից: Պետք չէ մտածել, թե Ղուկասյանն այնտեղ ինքնագործունեությամբ է զբաղվել: Գուցե նրան չեն ասել, թե ինչ ասի, բայց թերեւս ասել են. “ինչ ուզում ես ասա, միայն թե փող տան”: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: