Tuesday, November 3, 2009

Քլինթոնն անպատասխան թողեց հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ նամակը

Tert.am 3-11-2009- Սենատում մեծամասնության առաջնորդ, Նևադայի նահանգապետ Հարի Ռեյդը նամակ է հղել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հայ-թուրքական Արձանագրությունների շուրջ ամերիկահայության մտահոգությունների վերաբերյալ, հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն: Նամակում, մասնավորապես, Հարի Ռեյդը հորդորել է ԱՄՆ պետքարտուղարին անմիջական հանդիպում ունենալ ԱՄՆ հայ համայնքի առաջնորդի հետ և քննարկել հայ-թուրքական հարաբերությունները: Հարի Ռեյդը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարին, որ բազմաթիվ նամակներ է ստացել Նևադա նահանգի ամերիկահայերից, ովքեր դեմ են պատմական հանձնաժողովի ստեղծմանը և ովքեր հավատացած են, որ «հայ-թուրքական Արձանագրությունները անարդար են Հայաստանի համար»: «Ելնելով համայնքի լուրջ մտահոգություններից` կարծում եմ, որ կարևոր է անմիջապես բարձրացնել այդ հարցը Ձեզ հետ: Պատմական հանձնաժողովի ստեղծումը հատկապես նուրբ թեմա է Ամերիկայի հայ համայնքի համար, քանի որ Հայոց ցեղասպանությունը երբեք չի ճանաչվել Թուրքիայի կողմից»,- նշել է Հարի Ռեյդը: Ինչպես նշված է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նամակում, չնայած Օբամա-Բայդեն վարչակազմի արտաքին քաղաքականության օրակարգում մեծ կարևորություն է տրվում Հայաստան-Թուրքիա կապերին, այնուամենայնիվ, ո՛չ նախագահ Օբաման, ո՛չ պետքարտուղար Քլինթոնը չեն հանդիպել համայնքի առաջնորդի հետ:

No comments: