Wednesday, November 18, 2009

Թուրքիան մոլորության մեջ է գցել Ռուսաստանի ԱԳՆ-ի՞ն

News.am. 17-11-2009- Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը իր ուրույն նշանակությունն ունի այն իմաստով, որ դա կարգավորում է երկու երկրների միջեւ, որոնց փոխհարաբերություններն իրենց ամենալավ օրերը չեն ապրում",- նոյեմբերի 17-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: «Որքան մեզ հայտնի է, Երեւան-Անկարա բանակցային գործընթացում բարձրացվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը: Հավանաբար, այդ հարցը եւս հաշվի է առնվում գործընթացում: Հուսով ենք, որ ամբողջության մեջ այդ ամենը կլուծվի միջազգային կազմակերպությունների առկա որոշումներին համապատասխան, և դա կլինի տարածաշրջանի բոլոր երկրների ջանքերի պատասխանը»,- ասել է նա: Խոսելով ղարաբաղյան կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելության մասին՝ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել է. «Մենք մեր կողմից կանենք ամեն ինչ, որ օգնենք կողմերին՝ լուծել խնդիրը Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց շահերի շրջանակներում: Խնդիրը նոր չէ: Դա բազմաթիվ անկյուններ ունի, նուրբ է, եւ կապված ողբերգական դեպքերի հետ: Մենք անում ենք ամեն ինչ, որ հասնենք ցանկալի արդյունքի»,- ասել է Նեստերենկոն՝ միեւնույն ժամանակ դժվարանալով նշել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման օրը՝ խուրհուրդ տալով դիմել այդ երկրների ԱԳՆ-ներ: Հատկանշական է, որ ավելի վաղ ռուսաստանյան կողմի մեկնաբանություններում ղարաբաղյան հարցի եւ հայ-թուրքական կարգավորման միջեւ կապը հստակ հերքվում էր: NEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից, թե որտեղից ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարող էր իմանալ, թե ինչ է քննարկվել Երեւան-Անկարա առանցքում: «Հայկական կողմը չի քննարկել Ղարաբաղի հարցը Թուրքիայի հետ»,- նշեց Բալայանը: Այսպիսով, ռուսական կողմը տեղեկություններ (կամ ապատեղեկատվություն) է քաղում թուրքական աղբյուրներից:

No comments: