Tuesday, November 17, 2009

Թուրքիային դուր չի եկել եվրոպական չինովնիկների մոտեցումները

Tert.am 17.11.2009 - Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն սուր քննադատության է ենթարկել Եվրախորհրդարանի նախագահ Յեժի Բուզեկին, որը El Pais իսպանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Թուրքիայի մշակութային ժառանգությունը բարդեցնում է Թուրքիայի՝ ԵՄ անդամագրվելու գործընթացը։ Մասնավորապես, Բուզեկը հայտարարել էր, թե Թուրքիային հարկավոր են տասնամյակներ ԵՄ անդամագրման գործընթացը ավարտին հասցնելու համար՝ հավելելով, որ Թուրքիան «այլ տեղ է զբաղեցնում» ԵՄ ընդարձակման ծրագրերում։ Ահմեթ Դավութօղլուն իր դժգոհությունն է հայտնել Եվրախորհրդարանի նախագահի խոսքերի վերաբերյալ։ «Դա ճիշտ մոտեցում չէ։ Եթե Օսմանյան կայսրության արխիվները չբացվեին, Եվրոպայի պատմությունը չէր կարող գրվել։ Թուրքիան Եվրոպայի մի մասն է՝ անկախ նրանից՝ հավանու՞մ եք դուք դա, թե՞ ոչ։ Պատկերացնենք, թե Թուրքիան հանում է իր թեկնածությունը ԵՄ անդամագրումից, արդյո՞ք այդ ժամանակ Եվրամիության խնդիրները կավարտվեն։ Մենք 19-րդ դարում չենք»,- մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ կան հարյուրավոր պատճառներ, թե ինչու է Թուրքիան համարվում Եվրոպայի մշակույթի մաս, հաղորդում է Today’s Zaman-ը։ Դավութօղլուն, ընդգծելով, որ եվրոպացի առաջադեմ դեմքերը պետք է ավելի գլոբալ մտածեն, նշել է, որ «հակառակ դեպքում, Եվրոպայի մշակույթը ստիպված կլինի պայքարել գլոբալիզացիայի դեմ»։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, նա նաև ցանկանում է տեսնել, թե ինչպես է Եվրոպան առերեսում մարտահրավերները՝ առանց արգելքների և խոչընդոտների, ու հրաժարվում եվրոպամետ ու պաշտպանողական բլոկից։ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ եթե նույնիսկ Թուրքիան դադարեցնի ԵՄ անդամագրման գործընթացը, դա չի լուծի մշակութային խնդիրները, որոնք առերեսում է Եվրոպան։ «ԵՄ-ում բնակվում են միլիոնավոր թուրքեր»,- եզրափակել է իր խոսքը Ահմեթ Դավութօղլուն։

No comments: