Tuesday, November 17, 2009

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ. «ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՉԵՆ»

«ԱԶԳ» 17.11.2009 - Zerkalo ադրբեջանական թերթը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Իլհամ Ալիեւի իշխանության գալուց հետո թուրք-ադրբեջանական հարաբերությունների մեջ «սառնություն» է զգացվում: Թերթը այս եզրակացությանն է հանգել` ներկայացնելով մի քանի փաստ: «Ալիեւի իշխանությունը շատ ավելի հազվադեպ է սկսել գործածել Հեյդար Ալիեւի` «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը: Թերթը նկատել է, որ առանց կոնկրետ պատճառի թուրք զինվորականները հեռացան Ադրբեջանից, ադրբեջանցի զինվորականներն էլ` Թուրքիայից: Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչները դադարեցին այցելել Բաքուՙ թուրք զինվորի գերեզմանին: Ադրբեջանում նշանառության տակ են հայտնվել թուրքական սերիալները, եւ սկսեցին խոչընդոտներ հարուցել թուրք գործարարների համար, որոնք 1990-ականներին իրենց շատ լավ էին զգում»: Թերթը փաստում է, որ ամեն տարի ավելանում է թուրքական այն ընկերությունների թիվը, որոնք հեռանում են Ադրբեջանից: Միայն 2009 թ., ըստ թերթի տվյալների, ավելի քան 100 թուրք գործարար է դադարեցրել իր գործունեությունը Ադրբեջանում: Ըստ տնտեսագետ Գուբադ Իքադօղլուի, 1990-ականների սկզբին եւ կեսերին Ադրբեջանում գրանցվել էր թուրքական 1267 ընկերություն, մինչդեռ այսօր դրանց կեսն էլ չի մնացել: Համաձայն թերթի եզրակացությանՙ «Եղբայրական հարաբերությունները հաստատուն չեն: Դա, միգուցե, ցավալի է, բայց ողբերգական չէ»:

No comments: