News.am.3-11-2009- «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այսպես թե այնպես կապված է ղարաբաղյան խնդրի հետ: Այդուհանդերձ, հայկական դիվանագիտության հաղթանակ կարելի է համարել, որ մեզ հաջողվեց միջազգային հանրությանն ու Թուրքիային համոզել, որ այդ արձանագրություններն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ընդհանուր առմամբ կապ չունեն ղարաբաղյան խնդրի հետ եւ առանձին գործընթացներ են»: Այդ մասին հայտարարել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը:
Ընդ որում, քաղաքագետը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի Բաքվում արած հայտարարությունը, թե հայ-թուրքական կարգավորումն ու ղարաբաղյան կարգավորումը «զուգահեռ գործընթացներ են»:
«Զուգահեռ գործընթացներ» արտահայտությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել. Եւ որպես չհատվող ու տարբեր գործընթացներ, եւ որպես զուգահեռ ընթացող, այսինքն, այնուամենայնիվ, իրար հետ կապված: Ֆասիեն դիվանագետ է, եւ խոսել է դիվանագիտության լեզվով: Թուրքերն էլ դիվանագետ են, նրանց դիվանագիտական դպրոցը թույլ չէ: Եւ չնայած դրան, որ արձանագրություններում որեւէ բառ չկա ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, սակայն ընդհանուր ձեւակերպումը, թե Հայաստանն ու Թուրքիան կարգավորում են իրենց հարաբերությունները նաեւ տարածաշրջանային հարցեր քննարկելու համար, շատերին հիմք է տալիս պնդելու, որ այդ հարցերի շարքում Թուրքիան առանձնացնելու է ղարաբաղյան հարցն ու փորձելու է փաստաթղթերի ողջ փաթեթը կապել ղարաբաղյան խնդրի հետ: Այսինքն, նա փորձելու է հասնել իր նպատակին, որ վաղուց դրել էր իր առջեւ՝ հայ-թուրքական հարաբերությունների միջոցով կարեւոր դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, այն դեպքում, երբ այդ հարցը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լիազորությունների շրջանակում, որտեղ հիմնական գործն անում են համանախագահները, որոնց շարքում Թուրքիան չկա:
Նրա խոսքերով, պատահական չէ, որ չնայած արձանագրություններում չի հիշատակվում ղարաբաղյան հարցը, պաշտոնական Անկարան եւ նրա ազդեցիկ քաղաքական գործիչները ամեն անգամ հայտարարում են, թե հայ-թուրքական մերձեցումը կապված է ղարաբաղյան խնդրի հետ՝ շեշտը դնելով պատերազմի ընթացքում գրավված հողերի վերադարձի վրա:
Tuesday, November 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment