Monday, November 2, 2009

ՆՈՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԻՆԴՐՈՄ

Lragir 2,11,2009 - Ըստ երեւույթին, Հայաստանի ներքաղաքական դաշտում ի հայտ է գալիս մի նոր երեւույթ, որը կարելի է անվանել Րաֆֆի Հովհաննիսյանի սինդրոմ: Ինչու Րաֆֆի Հովհաննիսյանի, որովհետեւ Ժառանգություն կուսակցության հարգարժան առաջնորդն էր, որ մեկ վայր էր դնում խորհրդարանական մանդատը, մեկ հետ վերցնում այն: Հիմա նույն, կամ գրեթե նույն բանը տեղի է ունենում Ժառանգություն կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանի պարագայում: Բայց արդեն ոչ թե նա է ինչ որ բան վայր դնում կամ վերցնում հետ, այլ նրան են փաստացի դուրս հանում, հետո նորից հետ վերցնում, հետո նորից դուրս հանում: Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը երկու օրվա ընթացքում արդեն հասցրել է Վարդան Խաչատրյանի կապակցությամբ ինչ որ տեղեկատվություն տարածել: Մեկ տարածեցին, որ նա Ս.Դ.Հ.Կ. անդամ չէ, քանի որ կուսակցության կանոնադրության համաձայն, որեւէ անձ Ս.Դ.Հ.Կ. անդամ կարող է լինել միայն այն դեպքում, եթե վերջին մեկ տարվա ընթացքում չի եղել որեւէ կուսակցության անդամ: Հետո Ս.Դ.Հ.Կ. մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը հայտարարություն տարածեց, որ Վարդան Խաչատրյանն այդուամենայնիվ հնչակյան է: Հետո Ս.Դ.Հ.Կ. կենտրոնական վարչությունից հայտարարեցին, որ Վարդան Խաչատրյանը Հնչակյան կուսակցության անդամ չէ: Թե առաջիկա ժամերի եւ օրերի ընթացքում էլ քանի անգամ Վարդան Խաչատրյանին կընդունեն եւ կհեռացնեն Հնչակյան կուսակցություն, արդեն դժվար է կանխատեսել: Համենայն դեպս, ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական իրականության մեջ ի հայտ է գալիս նոր եւ հետաքրքրական մի երեւույթ, որն արժանի է մասնագիտական լուրջ ուսումնասիրության: Տպավորությունը նույնիսկ այնպիսին է, որ Վարդան Խաչատրյանի արժեքը քաղաքական շուկայում կտրուկ աճում եւ նվազում է, ու Հնչակյանը մեկ նրան շտապ ձեռք է բերում, մեկ արագ հանում վաճառքի: Իհարկե, հարգարժան գործիչ Վարդան Խաչատրյանի առումով թերեւս այդ համեմատությունը միանգամայն անտեղի է եւ ոչ կոռեկտ, սակայն այդ դեպքում ինչ բնորոշում տալ այն երեւույթին, որ Խաչատրյանի հանդեպ տեղի է ունենում Հնչակյան կուսակցությունում: Այդ երեւույթը ոչ կոռեկտ համարելը մեղմ բնորոշում կլինի: Բայց, ըստ երեւույթին, Վարդան Խաչատրյանին դուր է գալիս այն, ինչ կատարվում է իր անվան շուրջ: Այլապես նա երեւի թե արդեն իսկ հայտարարությամբ հանդես կգար ու կդադարեցներ իր անդամակցությունը կամ չանդամակցությունը Հնչակյան կուսակցությանը, մինչեւ հնչակներն իրենք իրենց մեջ պարզեին, թե ով եւ ինչպես է իրականում որոշումներ կայացնում այդ կուսակցությունում: Կամ էլ այդ ամենի վերաբերյալ Վարդան Խաչատրյանը չի կարող սեփական դիրքորոշումն ունենալ: Ակնհայտ է սակայն, որ Ս.Դ.Հ.Կ պարագայում եւս սպասվում են լուրջ զարգացումներ, ինչը թերեւս կապված է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի հետ այդ կուսակցության համագործակցության հետ: Ինչպես եղավ Ժառանգության պարագայում:

No comments: