«Հայաստանում ժողովրդագրությունը աղետալի վիճակում է». նման որակում այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվեց «Հայկական սոցիալ-ժողովրդագրության նախագիծ» հ/կ նախագահ Ռուբեն Եգանյանը:
Ժողովրդագրական կայունություն Հայաստանը գրանցել է 1920-70-ական թվականններին: Իսկ 1992-95 թվականներից սկսած և մինչ օրս Հայաստանում գրանցվել է ծնելիության նվազում, ինչը հանգեցրել է ժողովրդագրական անկման: Հայաստանում ամենաճգնաժամային փուլում ծնելիության մակարդակը եղել է 2002 թվականին, երբ ընդամենը 32 հազար ծնունդ է գրանցվել: 2008 թվականին, սակայն, ծնունդների գրանցված թիվը եղել է 40 հազարը, ինչը մարդկանց թույլ է տալիս մտածել, որ ժողովրդագրական վիճակը երկրում կայունանում է: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքով` «ծնող սերունդ է մտնում 80-ականների սերունդը և այդ է պատճառը, որ ծնելիության մակարդակը բարձր ցուցանիշներ է արձանագրում: Սակայն հեռու չէ այն ժամանակը, երբ ծնելիությունը բացարձակ թվով կարող է քիչ լինել, քան մահացածներինը, ինչպես տեղի է ունենում Ռուսաստանում»:
Ժողովրդագրական ապակայունությունը, որը ենթադրում է նաև ապաբնակեցում, տեղի է ունենում ոչ միայն բնական վերարտադրության հաշվին, այլև արտագաղթի պատճառով: Ժողովրդագրի ներկայացմամբ, առաջիկայում միգրացիոն ցուցանիշների նշանակալի ծավալային փոփոխություններ տեղի չեն ունենա: Տեղաշարժեր, իհարկե, կլինեն, սակայն պայմանավորված ոչ միայն մեր երկրի ներքին վիճակով, այլև այն բանից, թե ինչպես կհաղթահարեն տնտեսական ճգնաժամն այն երկրները, ուր ձգտում են մեր քաղաքացիները, մասնավորապես՝ Ռուսաստանը: «Այսօր դեռևս մեկնողների և ժամանողների բացասական մնացորդը շարունակվում է` տարեկան միջին հաշվով 7-8 հազար: Սա պաշտոնական տվյալներով, սակայն, իմ գնահատմամբ, մեկնողների և ժամանողների բացասական մնացորդը կազմում է 20-25 հազար մարդ»:
Ժողովրդագիրը նման իրավիճակից դուրս գալու համար առաջարկում է կիրառել այն այն բոլոր ձևերը, որ իրականացնում է աշխարհը: «Պետք է մշակել ժողովրդագրական քաղաքականության ծրագիր, որը ենթադրում է մեծ ծախսեր: Պետության կողմից արդեն որոշ քայլեր նկատում ենք` գոնե սոցապ նախարարությանը կից ժողովրդագրության օղակի տեսքով, ինչու չէ՝ նաև ծնելիության խրախուսման ծրագրերի տեսքով»: Ռուբեն Եգանյանը նշում է, որ կար ժամանակ, երբ խրախուսվում էր երրորդ երեխայի ծնունդը, սակայն բանախոսի կարծիքով` պետք է խրախուսել արդեն 2-րդ երեխայի ծնունդը, ինչը ավելի մեծ ազդեցություն կունենա ծնելիության մակարդակի բարձրացման վրա: Ժողովրդագրագետը ծնելիության ցածր մակարդակը պայմանավորում է ոչ այնքան կրթական, սոցիալական ցածր մակարդակով, այլ հոգեբանական գործոնով, 90-ականներից դեռևս արմատավորված անպաշտպանելիության զգացողությամբ: Սակայն բարձր կրթամակարդակը նույնպես կարող է հանգեցնել ծնելիության անկման:
Հարևան Վրաստանում և Ադրբեջանում ծնելիությունն ու արտագաղթը ավելի բարձր մակարդակի վրա չեն, սակայն նրանք բազմաէթնիկ ժողովուրդ են և վերոնշյալ խնդիրները նրանց դեռևս չեն սպառնում:
ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment