Thursday, December 10, 2009

Ադրբեջանցի պաշտոնյան առաջարկում է պատասխանատվության ենթարկել ռուսական ԶԼՄ-ներին

Panorama.am. 9-12-2009- Ադրբեջանցի պաշտոնյաները երկրի ներսում վերջնականապես միակարծություն հաստատելուց հետո, այժմ էլ փորձում են լրատվամիջոցներ փակել ու ԶԼՄ-ներին շինծու պատասխանատվության ենթարկել արտերկրում: Նման պնդման համար հիմք են ծառայում այն հայտարարությունները, որոնք հնչեցրեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Ֆուադ Ախունդովը դեկտեմբերի 8-ին` Մոսկվայում մեկնարկած «Եվրոպայի և Ասիայի լրատվամիջոցների ֆորումի» ժամանակ: «Զանգվածային լրատվամիջոցները պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործունեության համար և խոսքի ազատություն հասկացություն չօգտագործեն մեկնաբանություններ անելու համար»,- նշեց նա: Իր հայտարարությունը Ֆուադ Ախունդովը պայմանավորեց այն իրողությամբ, որ ի տարբերություն Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, Ռուսաստանում գործող լրատվամիջոցները տեղեկատվական ակտիվություն են դրսևորում և ժամանակ առ ժամանակ անդրադառնում են Լեռնային Ղարաբաղին ու նրան առնչվող այլ խնդիրների: «Ռուսական մամուլում հաճախ կարելի է հանդիպել մեկնաբանություններ այն մասին, որ Ռուսաստանին ձեռնտու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ձգձգումը: Նման ազդակներ չես հանդիպի ոչ ամերիկյան, ոչ ֆրանսիական ԶԼՄ-ների մոտ»,- ընդգծեց ադրբեջանցի փորձագետն ու հորդորեց ուշադրություն դարձնել «բացասական աշխատանք» տանող ԶԼՄ-ներին ու պատասխանատվության ենթարկել նրանց: Նա խորհուրդ տվեց Ռուսաստանի Կապի և զանգվածային կոմունիկացիաների նախարար Իգոր Շեգոլևին` քայլեր ձեռնարկել,«հանգստացնել ռուսական որոշ լրատվամիջոցների» և հնարավորություն տալ, որ «կողմերը միմյանց հասկանան»: Ի պատասխան Ֆուադ Ախունդովի հայտարարությունների, ՀՀ Նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտորնի ղեկավար Արա Սաղաթելյանը, չթերագնահատելով ԶԼՄ-ների սոցիալական պատասխանատվության կարևորությունը, ներկաներին հորդորեց, այնուամենայնիվ, հանդես չգալ ԶԼՄ-ների` սեփական տեսակետն արտահայտելու իրավունքը սահմանափակելուն միտված հորդորներով ու կոչերով: Այս դիտարկումն ըստ էության հավանության արժանացավ ներկա բոլոր պատվիրակների կողմից: Միևնույն ժամանակ ադրբեջանցի պաշտոնյային հակադարձեց նաև ռուսաստանի կապի և զանգվածային կոմունիկացիաների նախարար Իգոր Շեգոլևվը: Վերջինս պարզաբանեց, որ ռուսական ԶԼՄ-ների կողմից ղարաբաղյան թեմատիկային կատարվող անդրադարձերը պատահական չեն: Նա ընդգծեց, որ Ռուսաստանում ապրող մեծաթիվ հայկական և ադրբեջանական համայնքների համար թեման մշտապես ակտուալ է և միայն դրանով արդեն արդարացված է այն ուշադրությունը, որով ռուսական մամուլը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Մեր կողմից հավելենք, որ բացարձակապես անհիմն է Ֆուադ Ախունդովի պնդումն առ այն, թե իրենց անդրադարձերով օտարերկրյա ԶԼՄ-ները խոչընդոտում են երկու հարևանների` միմյանց հասկանալուն: Եթե այս հայտարարության տակ թեկուզ աննշան անկեղծություն կա, ուրեն ադրբեջանցի պաշտոնյան առաջինը պետք է բարձրաձայնի ադրբեջանական ԶԼՄ-ների` հակահայկական` ռասիզմ ու քսենոֆոբիա տարածելու հարցը: Քանի դեռ այդ բանը չի արվել, ուրեմն վտանգ չկա, որ հաշտության չկայացմանը կխանգարեն օտարերկրյա ԶԼՄ-ները:

No comments: