Thursday, December 10, 2009

ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱԹՈՌԱԿԻՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ

«ԱԶԳ», 10-12-2009- Դեկտեմբերի 3-ին տարածված հաղորդագրությունը, որը հրապարակված է ինչպես պատրիարքարանի պաշտոնական կայքէջ «Լրաբերում», այնպես էլ «Հայ թերթում», համայնքին իրազեկել է աթոռակից պատրիարքի ընտրության մասին: Ահա թե ինչ է գրված հաղորդագրության մեջ. «Պատրիարքարանի կրոնական ժողովը նկատի ունենալով Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի ընտրված լինելու հանգամանքը, 2008-ի դեկտեմբերի 24-ին հայտարարել էր Նորին սրբությանը Թուրքիայում ցմահ հոգեւոր պետ ճանաչելու որոշման մասին: 2009-ի նոյեմբերի 13-ին որոշվել էր նաեւ աթոռակից պատրիարքի ընտրության մասին դիմում ներկայացնել իշխանություններին: Պատրիարքական փոխանորդ Շահան արք. Սվաճյանը, կրոնական ժողովի ատենապետ Արամ արք. Աթեշյանը, ատենադպիր Գրիգոր ավագ քահանա Դամադյանը 2009-ի դեկտեմբերի 3-ին ներկայացան Ստամբուլի նահանգապետարան եւ դիմումագիրը հանձնեցին նահանգապետ Մուամմեր Գյուլերին: Մեծարգո նահանգապետը հետաքրքրվեց Նորին ամենապատվության առողջական վիճակով, խոստացավ նկատի առնել ներկայացված խնդրանքը, իսկ աթոռակից պատրիարքի ընտրության դիմումը փոխանցել ներքին գործերի նախարարությանը»:

No comments: