Sunday, December 27, 2009

ՕԼԻԳՈՊՈԼԻԱՅԻ ԽՆԴԻՐԸ

«Լրագիր» 25-12-2009- Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, Տիգրան Սարգսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է օլիգոպոլիաների դեմ պայքարի խնդրին: Մինչ այդ, վարչապետը հայտարարել է, որ տնտեսական զարգացման համար Հայաստանը պետք է հասնի հավասար մրցակցային պայմանների ապահովման: Մանրամասնելով այդ ամենը ու խոսելով օլիգոպոլիաների եւ մոնոպոլիայի մասին, Տիգրան Սարգսյանն ասել է, թե օլիգոպոլիան դեռ չի նշանակում մոնոպոլիա: Տիգրան Սարգսյանը նշել է, թե օլիգոպոլիայի դեմ պայքարի համար նախ պետք է լրացնել տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործիքները, վերլուծական հնարավորությունները: Դրանից բացի, Տիգրան Սարգսյանը խոսել է այն մասին, որ պետք է հարկային վարչարարությունը բարելավել, ինչպես նաեւ օրենսդրական դաշտը լրացնելու միջոցով սահմանել մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հստակ սահմանել պաշտոնյայի սեփականատեր լինելն ու այդ սեփականությունը կառավարելը, որպեսզի հստակ լինի նաեւ պատասխանատվությունը: Ըստ Տիգրան Սարգսյանի, մեր պաշտոնյաներն ունեն սեփականություն ունենալու իրավունք, չունեն կառավարելու իրավունք, բայց քանի որ այդ տարանջատման մեխանիզմը հստակ չէ, դժվար է նաեւ խոսել կոնկրետ անուններով: Տիգրան Սարգսյանի խոսքով, խնդիրը համակարգային է եւ մեկ-երկու անձով ոչինչ չի որոշվում: «Օլիգոպոլիաներ չի նշանակում մոնոպոլիաներ, որովհետեւ բազմաթիվ ոլորտներում մենք ունենք տասնյակ ձեռնարկություններ, որոնք այդ ոլորտներ ապրանքներ են մատակարարում, ապրանքներ են առաքում, ծառայություններ են մատուցում, սակայն միեւնույն է, մենք արձանագրում ենք, որ այնտեղ կան օլիգոպոլիաներ», ասում է Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, տասնյակ ձեռնարկությունները հարմարվել են խաղի առկա կանոններին եւ դա է խնդիրը, ոչ թե այն, որ կառավարման համակարգում կա կաշառակերություն, ինչի գոյությունը վարչապետը խոստովանում է: Տիգրան Սարգսյանը նշում է, թե խնդիրը լուծելու ճանապարհին կարեւոր քայլ էր հարկային փաթեթի ընդունումը, որով սահմանվել է, որ խոշորագույն 500 ձեռնարկություններ հրապարակելու են իրենց աուդիտի տվյալները, իսկ աուդիտն այդ ձեռնարկությունների համար լինելու է պարտադիր: «Այս ուղղություններով աշխատանքները, մեր համոզմամբ, մոտակա 3-4 տարիների ընթացքում կտան իրենց դրական արդյունքները», ասում է Տիգրան Սարգսյանը:

No comments: