Sunday, December 27, 2009

Ադրբեջանի Միլի մեջլիսը դժգոհում է Եվրախորհրդարանից

News.am. 26-12-2009- Ադրբեջանի խորհրդարանը դժգոհություն է հայտնել Եվրախորհրդարանի կողմից դեկտեմբերի կեսերին ընդունված բանաձեւի առնչությամբ, որում քննադատություն է հնչեցվում Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդը», Միլի Մեջլիսի կողմից ընդունված փաստաթղթում ասվում է. «Ինչպես ժողովրդավարական զարգացման ուղին անցած շատ ուրիշ պետություններ, Ադրբեջանում նույնպես որոշ խնդիրներ կան»: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը դեկտեմբերի 17-ին բանաձեւ էր ընդունել Ադրբեջանի վերաբերյալ, որտեղ նա քննադատում է իշխանություններին՝ լրագրողներին ճնշելու համար, եւ հորդորում վերականգնել օտարերկրյա հեռարձակողների՝ «Ազատություն» ռադիոկայանի, «Ամերիկայի ձայն»-ի եւ BBC-ի հաղորդումները։ Ի պատասխան՝ Ադրբեջանի խորհրդարանը շեշտում է. «Ցավալի է այն փաստը, որ ամբողջ միջազգային հանրությունը շատ լավ տեղեկացված է, թե որ երկիրն է հանդիսանում օկուպանտ, եւ որը՝ օկուպացիայի զոհ։ Այդուհանդերձ, Ադրբեջանը, որպես պետություն, նախընտրել է ժողովրդավարական զարգացման ճանապարհը, եւ միշտ նախընտրել է Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ճանապարհը»: Միլի մեջլիսը հույս է հայտնել՝ «որ, հաշվի առնելով Եվրոպայի հետ հարաբերությունները բարելավելու Ադրբեջանի շահագրգռվածությունը, Եվրամիությունը ապագայում զերծ կմնա Ադրբեջանի հասցեին այդպիսի մոլորություններից»:

No comments: