Tuesday, December 29, 2009

Կովկասի բոլոր խնդիրներին չի կարող տրվել փաթեթային լուծում

News.am. 28-12-2009- Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը հարցազրույց է անցկացրել «Եվրոպական կայունության նախաձեռնության» վերլուծաբան Տիգրան Մկրտչյանի հետ: Ըստ նրա, անհնար է փաթեթային կարգավորում առաջադրել տարածաշրջանի բոլոր խնդիրներին: Հետեւաբար Անկարան պետք է առաջնայնություն տա երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Մկրտչյանը կարծում է, որ թեեւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Հայաստանի հետ արձանագրությունները ստորագրեց, սակայն կառավարությունը չկարողացավ կանխատեսել, թե ինչպիսի դիմադրության այն կհանդիպի դրանից հետո Թուրքիայի ազգայնականների եւ Ադրբեջանի կողմից: -Դուք կասկածներ ունե՞ք արձանագրությունների մասով «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության անկեղծության կապակցությամբ: -Եթե արձանագրությունները պետք է մերժվեն կամ եթե այնպես արվի, որ վավերացման գործընթացը հետաձգվի ամիսներ կամ տարիներ շարունակ, ես կկասկածեմ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ կառավարության անկեղծության վրա: Բանակցային գործընթացն ընթացել է առանց Ղարաբաղյան թեմայի որեւէ քննարկման: Դրանք բանակցություններ էին երկկողմ հարաբերությունների հաստատման եւ զարգացման շուրջ: Իհարկե, եթե կամենում ենք տարածաշրջանային խաղաղություն եւ կայունություն հաստատել, մեզ անհրաժեշտ է նախեւառաջ եւ առաջին հերթին կարգավորել մեր հարաբերությունները: Սակայն տարածաշրջանային խնդիրներին փաթեթային լուծում առաջադրելը, թեեւ որքան էլ որ լավ մտադրությամբ առաջադրվի, պրագմատիկ չէ, եթե հաշվի ենք առնում ընդլայնված կովկասյան տարածաշրջանի երկրների կողմից սպառնալիքների ընկալումները, նրանց դաշինքների կամ նկրտումների տարբերությունները: Ես չեմ ուզում բացառել նաեւ այն փաստը, որ Թուրքիայ կառավարությունը բանակցություններում առաջ էր շարժվում այն մտայնությամբ, որ այն կկարողանա լուծել Ադրբեջանի կամ ներքին ազգայնականների ճնշման փորձերը, եւ հետեւաբար մանրամասն չէր մտածել, թե ինչպես մատուցել այս քաղաքականությունը դրա հնարավոր հակառակորդներին: Ուստի, նախ ապրիլին «ճանապարհային քարտեզի» հրապարակումից հետո եւ այնուհետեւ արձանագրությունների ստորագրումից հետո այն բախվեց «չնախատեսված» ճնշման: Սակայն մեկ բան պետք է հստակեցվի, որ թեեւ Թուրքիան 1993 թ. Հայաստանի հետ սահմանը փակեց Ղարաբաղի կապակցությամբ, բայց մենք պետք է հասկանանք, որ Թուրքիան երբեք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի ունեցել սկսած 1991 թ. Հայաստանի անկախությունից: -Եթե, ինչպես հայ պաշտոնյաներն են նշում, Թուրքիան համաձայնեցված ժամկետներում չվավերացնի արձանագրությունները, արդյո՞ք այլընտրանքային սցենար գոյություն ունի: Թե՞ դուք կարծում եք, որ ամբողջ գործընթացը հօդս կցնդի: -Անշուշտ այդ վտանգը կա: Թուրքիայի արտգործնախարարը նկատում է, որ իրավիճակը դրական լույսի ներքո պետք է ընթանա: Հասկանալիորեն Հայաստանը ցանկանում է արագ վավերացում, որն ինքնին դրական ուղղվածություն է երկկողմ մակարդակում հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Հայաստանը չի ցանկանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ընկնել արհեստական ճնշումների տակ: Այս հակամարտությունը ներառում է երեք կողմ` Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ, եւ այստեղ միջնորդում են Մինսկի խմբի համանախագահ երկրները: Մինչդեռ Թուրքիայի միջոցով Ադրբեջանը միջազգային հանրությանը ներկայացնում է, թե իբր ԼՂ բանակցություններում առաջընթացը կախված է զիջումների գնալու Հայաստանի պատրաստակամությունից: Այսպես, Թուրքիան ընկնելով Ադրբեջանի պայմանականության գործոնի տակ, կարող է սպառնալ, որ ստորագրված արձանագրությունները մեկընդմիշտ սառեցվեն: Հավելեմ, որ Թուրքիան նաեւ կարող է օգտագործել «պատմական հարթության» ենթահանձնաժողովի ստեղծում նախատեսող արձանագրությունների սոսկ գոյությունը, դրանք չվավերացնելով, որպեսզի արգելափակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Սակայն, եթե անգամ Թուրքիան ձգձգի այս գործընթացը, սակայն, ի վերջո, Թուրքիան չի կարող դադարեցնել Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ/կամ դատապարտումը: -Դուք չէ՞ք կարծում, որ ապրիլի 24-ը ինչ-որ ձեւով բնական վերջնաժամկետն է վավերացման համար: -Հավանաբար ապրիլի 24-ը միջազգային հանրության կողմից Թուրքիային ներկայացված վավերացման վերջնաժամկետն է: Հայաստանը որեւէ վերջնաժամկետ չի ներկայացնում: Միջազգային միջնորդների եւ Հայաստանի ղեկավարության կողմից օգտագործվում է «ողջամիտ ժամկետներում» արտահայտությունը: Նման ժամկետը կնշանակի վավերացում ոչ թե տարիների, այլ ամիսների ընթացքում:

No comments: