Sunday, December 27, 2009

Հայ կնոջ վերաբերմունքը հայ-թուրքական արձանագրություններին

Ողջ 2009թ. ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման վիճահարույց գործընթացի քննարկման ժամանակ զգայականը խառնվեց տրամաբանականին, ընդդիմադիր ու իշխանական որոշ քաղաքական ուժերից ակնկալվող «ոչ»-ի փոխարեն, ի զարմանս մեզ, «այո» հնչեց, որոշ «այո»-ներ ավելի շատ նման էին «ոչ»-ի, ոմանք ի ցույց դրեցին, որ կարդում ու ճիշտ չեն հասկանում կարդացածը, կամ ճիշտ չեն մեկնաբանում կարդացածը, եւ այսպես շարունակ: Կարծիքներ հնչեցնողները գերազանցապես տղամարդիկ էին: Դեհ, Հայաստանում քաղաքականությունը գերազանցապես տղամարդու զբաղմունք է, հայ հասարակությունն էլ' առավելապես «տղամարդկանցից բաղկացած հանրույթ»՝ կասեր սոցիոլոգ Դյուրկհեյմը: Իսկ ի՞նչ են մտածում հայ կանայք Հայաստանի արտաքին քաղաքականության ու հայ-թուրքական հարաբերությունների մասին: 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ հայ կնոջ վերաբերմունքը պարզելու նպատակով էլ 2009 թվականի դեկտեմբեր ամսին կանանց շրջանում անցկացրեցինք հարցումներ: Հարցմանը մասնակցել են 400 կանայք, նրանց թվում' 100 ուսանողուհիներ, 100 գյուղաբնակ, 100 քաղաքաբնակ և նույնքան' պետական համակարգում աշխատող կանայք: Հարցվածների 55%-ը ընդհանրապես ծանոթ չեն հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությանը և միայն 45%-ն է այս կամ այն կերպ ծանոթ արձանագրությունների տեքստին: Ընդհանուր հարցվածների միայն 2,5%-ն է կարդացել արձանագրությունները: Հարցաթերթիկի հարցերին առավել ակտիվ պատասխանել են հիմնականում ուսանողները և գյուղական բնակչությունը, իսկ պետական համակարգում աշխատող կանայք հիմնականում խուսափել են պատասխանելուց: Հատկանշական է, որ պետական համակարգում աշխատող կանայք հարցաթերթիկը լրացնելիս ներքին վախ ունեին, որ համապատասխան մարմնի ղեկավարի իմացության պարագայում և հատկապես նրա անհամաձայնության առկայության դեպքում' աշխատանքը կորցնելու վտանգ կարող է առաջանալ: Ընդհանուր առմամբ հարցվողների 67%-ը ունեն բարձրագույն, 15%-ը' միջնակարգ, 14%-ը' միջնակարգ մասնագիտական և 4%-ը' հետբուհական կրթություն: Հարցված կանանց տարիքային կազմը ունի հետևյալ պատկերը' 37%-ը մինչև 25 , 34%-ը' 25-45 և 29%-ը' 45 և ավելի տարեկան են: Հարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվածների 30%-ը համամիտ, 44%-ը' դեմ և 27%-ը անտարբեր են Հայաստանի Հանրապետության կողմից վարվող արտաքին քաղաքական կուրսին: ՀՀ արտաքին քաղաքականության նկատմամբ անտարբեր վերաբերմունք ունեցող կանանց մի մասը հոգնել են երկրի արտաքին ու ներքին քաղաքականության որակական փոփոխության համար տարիներ շարունակ իրականացված անարդյունք պայքարից: Մյուս մասը առաջին իսկ հնարավորության դեպքում արտերկիր մեկնելու պատրաստ կանայք են: Հարցված կանանց 28%-ը դրական, 46%-ը բացասական են արտահայտվել «ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը հայ-թուրաքկան արձանագրություններին» հարցին, իսկ 26%-ը անտարբեր են: Առավել շատ դեմ են արտահայտվել քաղաքային բնակչությունը' 60% և ուսանողուհիները' 55%: Կանանց 28%-ը գտնում է, որ արձանագրությունները Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացվելու դեպքում Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա, 45%-ը գտնում է, որ այն բացասաբար կազդի և 28%-ը կարծում են, որ այն տնտեսության վրա որևէ ազդեցություն չի ունենա: Առավել շատ բացասական պատասխաններ են տվել մայրաքաղաքում բնակվող կանայք' 70%-ը: Սա կարող է բացատրվել մայրաքաղաքում բնակվող կանանց առավել տեղեկացվածությամբ, որը պայմանավորված է Երևանում ԶԼՄ-ների բազմազանության առկայությամբ և ինտերնետ հասանելիությամբ: Իսկ հարցին դրական պատասխան տված կանայք կարծում են, որ հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչվելու դեպքում կբարելավվեն տնտեսության հետևյալ ճյուղերը. • առևտուր' 46.7%-ը • ընդհանուր տնտեսությունը' 25%-ը • կապ, հաղորդակցություն, տրանսպորտ' 3.6%-ը • արդյունաբերություն' 2.7%, • գյուղատնտեսություն' 2.7%-ը • ֆինանսական ոլորտ' 2%-ը • քաղաքական' 1%-ը 16,3%-ը չի կարողացել մատնանշել կոնկրետ ոլորտ: Երբ տարիների ընթացքում պատշաճ ուշադրություն չի դարձվում երիտասարդների ունակությունների զարգացմանը, արդյունքում ունենում ենք այսօրվա պետական համակարգի պասսիվ ծառայողները: Ես համոզված եմ, որ այսօրվա պետական համակարգում աշխատողները երիտասարդության տարիներին ևս ակտիվ, համարձակ վերաբերմունք են ունեցել ՀՀ-ի առաջ ծառացած կարևորագույն խնդիրների հանդեպ: Ուղղակի պետական համակարգում աշխատանք գտնելով, ակտիվորեն վերափոխվել, մոդիֆիկացվել են' դառնալով իներտ, ամորֆ երկրի համար կարևորագույն խնդիրների մասին վերաբերմունք արտահայտելիս: «Ի՞նչը կփոխեիք արձանագրություններում» հարցին կանայք հիմնականում չեն կարողացել պատասխանել, կամ նշել են, թե դժվարանում են պատասխանել: Պատասխանողներին առավել անհանգստացնում են արձանագրություններում սահմանների բացման, պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ կետերը: Այս հարցին պատասխանածների 20%-ը կցանկանար փոփոխել ամբողջ արձանագրությունը: Նրանց մեջ մեծ կշիռ են կազմում ուսանողները: 11%-ը գտնում է, որ արձանագրություններում պետք է նշվի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը և արձանագրությունում հատուկ կետեր ներառվեն հայկական պատմական հողերը վերադարձնելու վերաբերյալ: Նման կարծիք հիմնականում հայտնել են ուսանողներն ու պետական հատվածում աշխատող կանայք: 7%-ը չի ցանկանում, որ ստեղծվի պատմական հարցերով ենթահանձնաժողով: Հիմնականում այդպես ցանկանում են քաղաքաբնակ կանայք: 6%-ը դեմ է ընդհանրապես սահմանների բացմանը: Այստեղ ևս մեծ կշիռ են կազմում քաղաքաբնակ կանայք: 7%-ը ցանկանում է, որ հստակեցվի արձանագրության տեքստը. արձանագրություններում ենթատեքստային վտանգներ տեսնում են հիմնականում պետական համակարգում աշխատող կանայք: Եվ որ ամենազավեշտալին է' պետական հատվածում աշխատող 2 կին հարցին պատասխանել են «Ես ո՞վ եմ, որ որևէ բան փոխեմ»: Այստեղից ակնհայտ է դառնում վերլուծության սկզբում նշված այն տեսակետը, որ պետական համակարգում կանայք գերկախվածության մեջ են իրենց պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող պաշտոնյաներից, որը բերում է կանանց սեփական ուժերի հանդեպ ունեցած անլիարժեքության զգացողության էլ ավելի խորացման, հետևաբար նաև' պետական կառավարման արդյունավետության անկման, քանի որ պետական համակարգում աշխատողների ավելի քան 50%-ը կանայք են, որոնք իհարկե զբաղեցնում են հիմնականում ցածր պաշտոններ: Փառանձեմ թագուհու ժամանակներից ի վեր հայ կինը չի վարանել իր տեսակետը հայտնելուց եւ երկրի կառավարման հարցում գործուն մասնակցություն ունենալուց: Ցավոք, պիտի փաստեմ, որ 21-րդ դարի հայ կինը պետական կառավարման համակարգում առավել հայտնի է իր կրավորական կեցվածքով: Մտահոգվելու տեղիք ունեն ոչ միայն հայ կանայք, այլև Հայոց Աշխարհի այսօրվա «մեծամեծերը»' թե՛ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հասարակության 52%-ի (կանանց տոկոսը ըստ ՀՀ վիճակագրական պետական ծառայության հրապարակած տվյալների) կարծիքը հաշվի առնելու, և թե՛ պետական համակարգում հայ կնոջ աշխատանքի արդյունավետության բարձրացման համար նորմալ աշխատանքային մթնոլորտ ապահովելու առումով: Համաձայն ՀՀԱՎԾ-ի կողմից 2009 թվականին հրապարակված □Հայաստանի կանայք և տղամարդիկ□ վիճակագրական գրքույկի Հայաստանում արտերկիր մեկնողների մեջ կանանց միգրացիոն տեղաշարժերը 2 անգամ գերազանցում է տղամարդկանց: Հետևաբար, եթե շարունակվի անտեսվել հայ կնոջ կարծիքը երկրում տեղի ունեցող կարևորոգույն իրադարձությունների նկատմամբ, այն կարող է հանգեցնել անցանկալի միգրացիոն հոսքերի ավելացման, երկրի ժողովրդագրական պատկերի աղավաղման, և որ ամենավատն է, ծնելիության մակարդակի անկման, պտղաբերության ներկայիս անկում ապրող գործակցի էլ ավելի ստորին հորիզոնականներում հանգրվանելուն: Հետազոտությունը ցույց տվեց, որ թե համակարգի ներսում, թե համակարգից դուրս առկա է հայ կնոջ բացասական տրամադրվածությունը ստորագրված հայ-թուրական արձանագրությունների նկատմամբ: Ապագայի պլաններ կազմել հասարակության զգալի մասի կարծիքը հաշվի չառնելով առնվազն անհեռատես քայլ է: Թուրքերի հետ հարաբերություններ կառուցելիս հայ կինը ավելի կոշտ դիրքորոշում ունի, քան հայ տղամարդը: Պատասխաններից պարզ դարձավ, որ այսօր հանուն առևտրի զարգացման հայ կինը պատրաստ չէ միակողմանի զիջումների գնալ և պատմության լուսանցքներում թողնել Ցեղասպանության և Հայոց մեծ Հայրենազրկման հարցը: Ոսկեհատ Իսախանյան, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստ

No comments: