«ԱԶԳ», 26-12-2009- Երեկ «Հայաստանում արդար դատավարություն անցկացնելու իրավունքը» զեկույցով հանդես եկավ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը : Պաշտպանի մեկնաբանությամբՙ Հայաստանում դատարանները ենթարկվում են հետաքննիչ մարմիններին եւ դատախազությանը: «90 տոկոսը դատական հայցերի, որոնք վերաբերում են 2008-ի հետընտրական իրադարձություններին, ուղարկվելու են մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հայաստանի դատական համակարգի անկատար լինելը հատկապես լավ զգացվեց «մարտի մեկի» դատական գործընթացներում», շեշտել է Հարությունյանը: Նա հավելել է նաեւ, որ դատական համակարգը երկրում գործում է ոչ նորմալ: Ընդունելով, որ կան նաեւ դրական պահեր` Հարությունյանն ընդգծել է, որ «դրանք անչափ քիչ են, մենք լուրջ խնդիրներ ունենք այս ոլորտում»:
Անդրադառնալով խոսքի ազատությանը, Արմեն Հարությունյանը նշել է, որ շատ անհանգստացած է իշխանական կոալիցիայի ընդունած ԶԼՄ-ների նոր օրինագծից: Հիշեցնենք, որ վերոհիշյալ օրինագծի համաձայն այն լրագրողները, որոնք պետական պաշտոնյային կամ առհասարակ քաղաքացուն կենթարկեն զրպարտության կամ կհասցնեն անձնական վիրավորանք, կտուգանվեն մի քանի միլիոն դրամով:
«Ես, անկեղծ ասած, համարում եմ, որ կարելի է նման օրենք ընդունել: Իհարկե, այն կարող է չհամապատասխանել եվրոպական ստանդարտներին, սակայն, կարծում եմ, մեր իրականությունում կաշխատի», նկատել է Հարությունյանըՙ ընդունելով, որ այս օրինագիծը, եթե ընդունվի, ուղղված է լինելու ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ, որն էլ հենց անհանգստացրել է մարդու իրավունքների հայ պաշտպանին. «Լրատվամիջոցներին կամ լրագրողներին տուգանելու գործընթացը հնարավոր է միայն վերջիններիս ընդդիմադիր լինելու դեպքում, իսկ սա լեցուն է որոշ վտանգներով, բացի այդ, խոսքի ազատությունն այն է, երբ յուրաքանչյուր ոք հայտնում է իր կարծիքը բարձրաձայն: Անշուշտ, ինձ էլ չի գոհացնում թերթերի այժմյան որակը (կոնկրետ ո՞ր թերթերի, իհարկե, չնշեց պաշտպանը-Հ.Ա.), սակայն դա, միեւնույնն է, ավելի լավ է, քան սովետական ժամանակներում, երբ բոլորն ունեին «մեկ կարծիք»», եզրափակել է Արմեն Հարությունյանը:
Արմեն Հարությունյանն անդրադարձավ նաեւ «մարտի 1-ի» վերաբերյալ ՀՀ-ի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների զեկույցին եւ ասաց. «Պրեսկոտի եւ Կոլոմբիեի զեկույցի 90 տոկոսը համընկնում է մեր գնահատականներին: «Այնտեղ չկա մի հարց, որին մենք անդրադարձած չլինենք», շեշտել է պաշտպանը: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի դատավարությանը, որին հետեւում է նաեւ պաշտպանի գրասենյակը, Արմեն Հարությունյանը հրաժարվեց կարծիք հայտնել, նշելով, որ դատավարությունը դեռ չի ավարտվել եւ կարծիքը կարող է ճնշում դիտարկվել դատարանի վրա: Պաշտպանն անդրադարձավ նաեւ Սասուն Միքայելյանին վերջապես վիրահատելու փաստին եւ անհասկանալի համարեց նրան այդքան ուշացումով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելը. «Ճիշտն ասած, ինձ համար անհասկանալի էր` ես խնդրեցի նրան հիվանդանոց տեղափոխել, եւ ինձ հրապարակային մերժելուց մեկ շաբաթ հետո նրան տեղափոխեցին»:
Անկախ ամեն ինչից Արմեն Հարությունյանը ուրախ է, որ Սասուն Միքայելյանին վերջապես համապատասխան բուժօգնություն են ցուցաբերում:
Հ. ԱՖՅԱՆ
Sunday, December 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment