Պաշտոնական Երևանը հերթական հետքայլն է արել, հատկապես ղարաբաղյան հարցի կարգավորման ընկալման իմաստով: 2008 թ. նոյեմբերին Մայենդորֆյան հռչակագրում թույլ տրվեց բացթողում` նախագահների մակարդակով արձանագրվեց, որ կողմերը կարգավորման հարցում առաջնորդվելու են «միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա»: “Ընդունված որոշումները” հիմնականում պարունակել են հայկական կողմի համար ոչ նպաստավոր ձևակերպումներ, որոնց նախկինում դեմ արտահայտվելով կամ դեմ քվեարկելով, հայկական կողմը Մայենդորֆում դրանց տակ փաստորեն ստորագրեց:
Աթենքում օրերս ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում թույլ տրվեց մեկ այլ սխալ. բանակցությունների սեղանի վրա դրված փաստաթղթից առանձնացվեցին Հելսինկիի Եզրափակիչ ակտի մաս կազմող սկզբունքները. ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունք:
Այդ սկզբունքները այլևս օրինականացվել են ԵԱՀԿ Նախարարների խորհրդի մակարդակով`արձանագրելով, որ դրանք Հայաստանն ու Ադրբեջանը ընդունում են որպես կարգավորման հիմք:
Ադրբեջանական կողմը տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումից բացի, որքան էլ վիճելի թվա, կարող է դիվանագիտական ձեռքբերում համարել նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի ամրագրումը:
Ակնհայտ է, որ եթե անգամ Բաքուն որպես սկզբունք ընդունում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ապա դա տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդպես է ընկալում նաև միջազգային հանրությունը, երբ Էլմար Մամեդյարովը խոսում է «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնակառավարման իրավունքի տրամադրման» մասին:
Երկրորդ կարևոր, հայկական կողմի համար վտանգավոր ձևակերպումը, որը ամրագրվել է համատեղ հայտարարության մեջ, «ժողովուրդների իրավահավասարությունն» -ն է: Նման ձևակերպում է տեղ գտել նաև Մեծ ութնյակի ղեկավարներից երեքի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների` Ակվիլայում հուլիսին կայացած գագաթնաժողի Ղարաբաղյան խնդրին վերաբերող հայտարարության մեջ:
Ինչպես Ադրբեջանը, այնպես էլ միջազգային հանրությունը «ժողովուրդների իրավահավասարության» անվան տակ հասկանալու է նաև ադրբեջանցիների իրավահավասարությունը արցախահայության հետ Լեռնային Ղարաբաղում: «Ժողովուրդների իրավահավասարություն» ձևակերպումը վերցված է Հելսինկիի Եզրափակիչ ակտի ութերորդ գլխից, սակայն քանի դեռ վերջնականապես չեն ճշտվել Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք քվեարկության մանրամասները, նման ձևակերպումը կարող է աշխատել հայկական կողմի դեմ:
Սրանք քաղաքական նյուանսներ են, որոնք հայկական կողմը չպետք է անտեսեր, ինչպես չի անտեսել նախկինում: Տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումը կողք կողքի որպես ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմք ամրագրելը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար կարող է ընդունելի լինել միայն այն դեպքում, երբ դրան հետևում է հստակ ձևակերպում և նույնքան հստակ երաշխիքներ առ այն, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենալու հանրաքվե, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը առանց սահմանափակումների որոշելու է իր ճակատագիրը: Քանի դեռ կողմերի միջև ամբողջությամբ չի համաձայնեցվել փաստաթուղթը, որտեղ դեռ պետք է համաձայնեցվեն ինքնորոշման բոլոր պարամետրերը, հայկական կողմը չպիտի թույլ տար տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումը:
Մինչ այդ, Մայենդորֆյան և Աթենքյան փաստաթղթերը, կաթիլ առ կաթիլ կուտակվելով, աշխատելու են հայկական կողմի դեմ, չեզոքացնելով տարիների աշխատանքի արդյունքում հայկական կողմի ձեռք բերածը:
ԹԱԹՈւԼ ՀԱԿՈԲՅԱՆ
«Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment