Friday, December 25, 2009

Հայաստանի խորհրդարանը չի քննարկի Արձանագրությունները, քանի դեռ դրանք չեն վավերացվել Թուրքիայի խորհրդարանում

/PanARMENIAN.Net/ 24.12.2009 - Քանի դեռ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացրել Հայ-թուրքական արձանագրությունները, Հայաստանի Ազգային ժողովը չի քննարկի այդ հարցը: Այդ մասին 2009թ. ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: «Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուի հերթական հայտարարությունն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտությունը շաղկապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, ես բացասաբար եմ գնահատում, քանի որ բանակցությունների սկզբում Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվեցին կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների: Թուրքիայի նման հայտարարություններն անհիմն են ու անընդունելի: Ցանկանում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ եթե Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի Արձանագրությունները, ապա մենք պատասխան քայլեր կձեռնարկենք»,-ասել է Աբրահամյանը: Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն հերթական անգամ հայտարարել է, որ քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան խնդիրը, ժամանակավրեպ է խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:

No comments: