Thursday, December 10, 2009

Հստակ ասեմ՝ մենք դա ցեղասպանություն չենք համարի. Էրդողան

Tert.am. 9-12-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հյուրընկալվելով PBS ամերիկյան հեռուստաալիքին, մեկ անգամ ևս հերքել է Հայոց ցեղասպանության փաստը: «Մենք շատ կվշտանանք, եթե դուք դա ցեղասպանություն համարեք: Ես շատ հստակ ցանկանում եմ ասել` մենք երբեք չենք համարի դա ցեղասպանություն», – դիմելով ամերիկացիներին` հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Դա բացարձակ սուտ է: Եվ ես կոչ եմ անում մարդկանց ապացուցել իրենց մեղադրանքները»,- հավելել է Էրդողանը` ելույթ ունենալով Charlie Rose հեռուստաշոուի ընթացքում: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` Էդրողանը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի ամենասեղմ ժամկետներում: «Այդ տարածքը գրավված է: Մենք պետք է լուծենք այդ խնդիրը: Երբ այն լուծվի, տարածաշրջանը կդառնա խաղաղության գոտի... և Հայաստանի ու Թուրքիայի միջև խնդիրը միանգամից կկարգավորվի»,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը: Պատասխանելով Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման մասին հարցին` Էրդողանը նշել է, որ «եթե զարգացումները, որոնք մենք ակնկալում ենք տեսնել, չիրականանան, ապա հավատացած եմ, որ խորհրդարանի կողմից ոչ մի դրական արդյունք չի լինի»: Նշենք նաև, որ Թուրքիայի վարչապետը կտրականապես ժխտել էր Հայոց ցեղասպանության փաստը երեկ Ջոն Հոփկինսի համալսարանում իր ելույթի ժամանակ: Մասնավորապես, Էրդողանը շեշտել է` «իմ նախնինները ցեղասպանություն չեն գործել»:

No comments: