Report.am. 25-12-2009- Կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը: Տոնի գլխավոր խորհրդանիշը եղևնին է, որի ստորոտում ընդունված է դնել Քրիստոսի ծննդյան տեսարանը պատկերող փոքր արձանիկներ: Բացի կաթոլիկներից, դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծնունդը նշում են բողոքականները և ուղղափառ եկեղեցու հետևորդները: Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը եկեղեցիներում հանդիսավոր ժամերգություն է կատարվում: Գլխավոր ծեսը անց է կացվում Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում: Քրիստոսի ծնունդը այս օրերին նշում են գրեթե բոլոր երկրներում, որոնք ունեն տոնակատարության իրենց առանձնահատուկ սովորույթներն ու ավանդույթները:
Ռուսաստանում Սուրբ Ծնունդը նշվում է հունվարի 7-ին: Ռուս երեխաների նվերներ բերում է Ձմեռ պապը, ում ուղեկցում է Ձյունանուշը: Նրանց դիմավորում են երաժշտությամբ և սրտաձև թխվածքներով: Յուրաքանչյուր սիրտը խորհրդանշում է երազանք, որը պետք է կատարվի հաջորդ տարում: Ծննդյան տոները նշվում են մինչև հունվարի 11-ը: Տոնի խորհրդանիշը եղևնին է: Սեղաններին մատուցվում շիլա, սագ, խմում են թեյ, օղի:
ԱՄՆ-ում Սանտա-Կլաուսը ժամանում է դեկտեմբերի 25-ին` հյուսիսային եղջերուին լծված սահնակով:
Մեծ Բրիտանիայում Սանտա-Կլաուսն ավանդաբար գալիս է դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը` նվերներով, որոնք տեղավորում է գուլպայի մեջ: Անգլիայում ծննդյան խնջույքի ժամանակ ընդունված է թղթե գլխարկներ կրել: Յուրաքանչյուր տան սեղանին ընդունված է դնել չամիչով թխվածք և հնդկահավով ուտեստ:
Նիդերլանդներում տոնը նշվում է դեկտեմբերի 6-ին: Հոլանդիայում և Ֆլանդրիայում մարդիկ պտտվում են Սինտերկլասի` հոլանդական Ձմեռ պապի և նրա օգնական Սև Պիտի շուրջ: Սինտերկլասը և նրա օգնականներն ապրում են Իսպանիայում և տարին մեկ անգամ այցելում են Նիդերլանդներ: Այդ օրը երեխաները բուխարու դիմաց Սինտերկլասի ձիու համար գազար կամ խոտ են դնում: Սինտերկլասը նրանց համար ձևավոր քաղցրաբլիթներ և շոկոլադե տառեր է բերում:
Ռեվելիոն. այսպես են Ֆրասիայում կոչում Սուրբ ծննդյան խրախճանքը, որը համարվում է տոնախմբությունների գագաթնակետը: Տոնին առանձնահատուկ ֆրանսիական հրապուրանք է հաղորդում «Դե նոել» վառելափայտի կտորը, շոկոլադե բիսկվիթային ռուլետը և սագի թոքից պատրաստված Ֆու-գրա ճաշատեսակը: Ճրագալույցը նշվում է մեծ շուքով, լիառատ սեղաններով և զվարթ պարերով:
Իտալիայում երեխաները նվերներ ստանում են հունվարի 6-ին, երբ բարի վհուկ Լա Բեֆենան լավ երեխաներին նվերներ, իսկ չար երեխաներին` կաղամբի տերև է բերում: Լեգենդի համաձայն, Լա Բեֆենան ուշ է ճանապարհ ընկել երեխաների մոտ և կորցրել է ուղեցույց աստղը: Այդ օրվանից նա փորձում է գտնել նորածին Քրիստոսին և յուրաքանչյուր տանը նվերներ է թողնում` հույսով, որ կգտնի նրան այնտեղ:
Հունաստանում դեկտեմբերի 24-ին երեխաները դուրս են գալիս փողոց զանգերով և թմբուկներով, երգելով կալանդաներ` գովերգական երգեր, որոնք պետք է երջանկություն բերեն:
Հայաստանում Սուրբ Ծնունդը նշվում է հունվարի 6-ին: Ըստ Հայ Առաքելական եկեղեցու ավանդության` հունվարի 6-ը Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնն է: Առավոտյան եկեղեցիներում Հիսուսի ծննդին և մկրտությանը նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվում, որից հետո կատարվում է Ջրօրհնեք, ապա սուրբ ջուրը բաժանվում է հավատացյալներին։ Ավանդության համաձայն, մարդիկ այդ ջրից տանում են իրենց տները, որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Ժողովուրդը Սուրբ Ծննդյան տոնը կոչում է Փոքր Զատիկ: Իսկ հայկական ավանդական ընտանիքներում սեղաններին ծննդյան տոներին ընդունված է մատուցել հատուկ ուտեստներ` ձուկ, բրնձով, չամիչով փլավ և գինի:
Պատրաստեց
ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ
Sunday, December 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment