Monday, December 21, 2009

Հայ և թուրք լրագրողներն օգտվում են ադրբեջանական կայքերից

Aysor.am. 21-12-2009- «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի ֆինասավորմամբ Նորվեգիայի կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվում է Հայաստանում և Թուրքիայում ԶԼՄ-ների անաչառությանն ուղղված նախագիծ: Այդ ծրագրի շրջանակներում դեկտեմբրի 17-20-ին Հայաստանում էին թուրք առաջատար լրագրողներ և խմբագիրներ: Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով թուրք լրագրողների այցին Հայաստան, նշեց, որ նույն ծրագրի շրջանակներում արդեն հայ և թուրք առաջատար լրագրողներն ու խմբագիրները հանդիպել էին թուրքական Բուրսա քաղաքում հոկտեմբերի 13-ից 14-ը` քննարկելու հայկական և թուրքական լրատվադաշտերի ուղիղ առնչությունների խնդիրները: «Թուրք լրագրողները Հայաստանի մասին նորությունները իմանում էին հիմնականում ռուսալեզու ադրբեջանական կայքերից և հակառակը` հիմնականում հայ լրագրողները Թուրքիայի մասին ինֆորմացիան ստանում են ռուսալեզու ադրբեջանական կայքերից», - նշեց Արտակ Շաքարյանը: «Խնդիր կար ուղիղ կապ ապահովել Հայաստանի և Թուրքիայի լրատվադաշտերի միջև»,- շեշտեց թուրքագետը: Բանախոսը նաև տեղեկացրեց, որ թուրք լրագրողների համար Հայաստանում կազմակերպվել են սեմինար-քննարկումներ ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի, Թուրքիայում հայ միգրանտների և այլ թեմաների շուրջ, այլ նաև կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, հարցազրույցներ Հայաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ: «Շատ մեծ պակաս կա փոխադարձ հարցազրույցների. թուրքական մամուլում կա հայկական կարծիքի արտահայտման պակաս, և հայկական մամուլում կա թուրքական կարծիքի արտահայտման պակաս»,- ընդգծեց Ա. Շաքարյանը և հավելեց, որ Բուրսայի հանդիպման ժամանակ որոշվել է այդ պակասը լրացնել:

No comments: