Monday, December 21, 2009

«Ադրբեջանը պարտավոր է հարգել մարդու իրավունքները»

Aysor.am. 21-12-2009- Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի խիստ քննադատական բանաձևի համահեղինակ, գերմանացի պատգամավոր Բեռնդ Պոսելտը հայտարարել է, որ «Ադրբեջանը պարտավոր է հարգել մարդու իրավունքները»,- գրում է «Ազադլըգը»: «Որպես Եվրոպայի Խորհրդի անդամ` Ադրբեջանը դատապարտված է հարգել մարդու իրավունքները: Դա ոչ թե Եվրախորհրդարանն է թելադրում, այլ Ադրբեջանն ինքն է որոշել` ընդունելով Եվրախորհրդի օրենքները: Մենք ադրբեջանցի ժողովրդին ցանկանում ենք ասել, որ կառավարությունը պետք է կատարի իր պարտավորությունները: Բանաձևը ազատության գործընթացի սկիզբն է Ադրբեջանում»,- ասել է նա: Բրիտանացի փորձագետ, Chatham House հեղինակավոր կազմակերպության Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Քեյմս Նիքսին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դրական է գնահատել Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը: «Ժողովրդավարության պարտավորությունների առումով Ադրբեջանի բռնած ճանապարհը պոզիտիվ չէ: Արևմուտքը պետք է զբաղվի այդ ռազմավարական էներգետիկ երկրով»,- ասել է նա: Եվրախորհրդարանի մեկ այլ` իռլանդացի պատգամավոր Կո Հիգգինսը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանությանը և երեսպաշտ անվանել այդ երկրում տիրող իրավիճակն անտեսողներին: Ըստ «Ազադլըգի», Հիգգինսը Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն այսպես է բնութագրել. «Ադրբեջանում իսպառ բացակայում է մամուլի ազատությունը: Տարիներ շարունակ այդ երկրում լրագրողներ են ձերբակալվում, ծեծի ենթարկվում և սպանվում: Մենք պետք է պատասխան պահանջենք Ալիևի վարչակարգից, բացահայտ պետք է հարցնենք, թե ինչու է նա նման սարսափելի հաշվեհարդար տեսնում: Իհարկե, դրա պատճառը նաև Ադրբեջանում առկա կոռուպցիոն վարչակարգն է», -ասել է Կո Հիգգինսը: Իռլանդացի պատգամավորը, նկարագրելով Ադրբեջանում առկա իրավիճակը, հայտարարել է, որ գազից և նավթից սրընթաց հարստացած Ադրբեջանի կառավարող վերնախավը աղքատության է նետել բնակչության 90 տոկոսին և զրկել նրան սեփական երկրի հարստությունից որևէ օգուտ ստանալու հնարավորությունից: «Արևմտյան պետություններն ու անդրազգային կորպորացիաներն այդ հարցում մշտապես երեսպաշտություն են անում: Իրենց բիզնեսը զարգացնելու համար նրանք համագործակցում են Ալիևի վարչակարգի հետ` մեծ եկամուտներ ստանալով Ադրբեջանի ազգային հարստությունից», -ասել է նա: Քննարկումների ժամանակ Եվրախորհրդարանում Ավստրիայի, Լեհաստանի, Էստոնիայի և Լիտվայի պատգամավորներն էլ են խիստ քննադատել Ադրբեջանում առկա իրավիճակը և կոչ են արել Եվրոպայի Խորհրդարանին` վճռական դիրք գրավել Ադրբեջանի հարցում, գրում է «Ազադլըգը»:

No comments: