Thursday, December 10, 2009

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Հայաստանի ներկայիս բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը չի կարող ավելի ցածր լինել, քան այսօր է, և որեւէ տարբերակով խնդրի կարգավորման արդյունքում այն չի կարող գտնվել Ադրբեջանի ենթակայության ներքո: Սակայն 1992թ.-ից ի վեր Հայաստանի երեք նախագահները տարբեր պատճառներով հրաժարվել են ճանաչել ԼՂՀ անկախությունը: Իսկ կարգավիճակի խնդիրը սակարկման առարկայի է վերածվել Արցախի տարածքները' ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների մշուշապատ եւ հետաձգված "հաշտեցման", Ադրբեջանի կողմից պատերազմ չսանձազերծելու հայեցակարգի շրջանակներում: Իրերի նման դրությունը վկայում է, որ ԼՂՀ կարգավիճակի նկատմամբ Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը չի համապատասխանում հռչակվածին: Քանի որ ԼՂՀ կարգավիճակի քննարկումն ինքնըստինքյան սակարկության դաշտ եւ Արցախի ինքնիշխանության ավելի ցածր աստիճան սահմանելու պատուհան է բացում, այդ թվում նաեւ' տարածքային կորուստների առումով, ինչի վկայությունը ընթացող բանակցություններն ու Մադրիդյան առաջարկներն են, Հայաստանի իշխանությունների բռնած դիրքը գնահատում ենք անսկզբունքային: ԼՂՀ անկախությունը կասկածի տակ դնելու փաստը հակասում է ՀՀ եւ ԼՂՀ ազգային շահերին, ինչպես նաեւ հակառակորդներին թույլ է տալիս կասկածի տակ դնել վաղուց իվեր ինքնորոշված արցախահայության ինքնորոշման իրավունքը: □Ժառանգություն□ կուսակցությունը. -հիշեցնում է, որ Արցախն եւ նրա կայացած ու տարեցտարի ամրապնդվող պետականությունը ոչ թե մարտավարություն են, որ նրա ճանաչմամբ սպառնանք Ադրբեջանին կամ միջազգային հանրությանը, այլ ազգային անվտանգության ռազմավարություն, որին պետք է օր առաջ հասնենք, -հայտարարում է, որ ԼՂՀ անկախությունը' որպես ժողովրդի ու մարդու անօտարելի իրավունք, որն արտահայտվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով եւ ամրագրվել ԼՂՀ Սահմանադրությամբ, ոչ թե քննարկման, այլ ճանաչման առարկա է: ԼՂՀ անկախությունը բանակցությունների ժամանակ, այն էլ' Արցախի օրինական ընտրված ներկայացուցիչների բացակայությամբ, քննարկման առարկա դարձնելու ցանկացած փորձ ԼՂՀ ժողովրդի իրավունքի ոտնահարում է: - քննադատում է Հայաստանի իշխանությունների անսկզբունքային դիրքորոշումն ու ԼՂՀ անկախության ճանաչումից անհիմն հրաժարվելը: - ճանաչում է ԼՂՀ անկախությունը եւ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում հետեւել այդ որոշմանը: -շնորհավորում է ԼՂՀ ժողովրդին դեկտեմբերի 10-ի եռակի խորհրդի' անկախության հանրաքվեի, Սահմանադրության հանրաքվեի ու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ եւ զորավիգ է նրա պետականության կայացմանը:

No comments: