Friday, December 25, 2009

ԱԺ ԴԵՐՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԵԼԻՔԸ

«Լրագիր» 25-12-2009- Տիգրան Սարգսյանն ավելի շատ անելիք ունի կառավարությունում, քան կուսակցությունում: Տարեվերջին տված իր մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այլ կերպ ասած, նա ուղղակի հասկացրել է, որ Տիգրան Սարգսյանը Հանրապետական կուսակցությունում անելիք չունի: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու են նրան ու նրա թիմ համարվող մի քանի նախարարների ու փոխնախարարների առաջարկել դառնալ կուսակցական, եթե նրանց անելիքը կառավարությունում է: Բայց, մինչ այդ, ուշագրավ է, որ օրինակ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ շաբաթներ առաջ, երբ Տիգրան Սարգսյանը նոր էր դարձել Հանրապետական կուսակցության անդամ, հայտարարեց, թե նրա անդամությունը կակտիվացնի ներկուսակցական կյանքը: Փաստորեն, Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանը տարբեր կերպ են մտածում այդ կապակցությամբ: Այդ առումով հետաքրքիր է, թե ում մտածողությունն է գերիշխողը: Կուսակցական համակարգում ավելի բարձր է Գալուստ Սահակյանի կարգավիճակը` նա փոխնախագահ է, բայց իշխանական համակարգում ավելի բարձր տեղում է Հովիկ Աբրահամյանը` ԱԺ նախագահ: Թեեւ գուցե գերիշխողը, բոլոր տեղերում եւ դեպքերում, Սերժ Սարգսյանի մտածողությունն ու կարծիքն է: Այդ դեպքում հարց է առաջանում, թե արդյոք Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի միտքն ու կամքն է արտահայտում, երբ փաստացի ակնարկում է, որ Տիգրան Սարգսյանը կուսակցությունում անելիք չունի: Իսկ գուցե Հովիկ Աբրահամյանի այդ հայտարարությունը միտք էլ չէ, կամ ավելի շատ ինքնապաշտպանական բնազդ է, քան միտք: Բանն այն է, որ երբ Տիգրան Սարգսյանն ու նրա թիմը դարձան ՀՀԿ անդամ, քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում շատ տարածվեց այն կարծիքը, որ Սերժ Սարգսյանն այդպիսով փորձում է փոխել ՀՀԿ ներկուսակցական դասավորությունը, փորձում է փոխել ՀՀԿ դեմքը: Իսկ այդ դեպքում առաջին վտանգը սպառնում է ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանի դիրքին, քանի որ Աբրահամյանը ներկայում հավակնում է թե իշխանական բուրգում, թե բուն ՀՀԿ-ում լինել Սերժ Սարգսյանից հետո ամենաազդեցիկը: Տիգրան Սարգսյանի կուսակցականացումը թերեւս վտանգ է նրա այդ հավակնության համար: Համենայն դեպս, տարածված կարծիք էր նաեւ այն, որ այդպիսով Սերժ Սարգսյանը կամ փորձում է Հովիկ Աբրահամյանին մղել երրորդ պլան, կամ նրան առնվազն թույլ չտալ միանձնյա լինել երկրորդը: Թերեւս այդ իսկ պատճառով Աբրահամյանը Տիգրան Սարգսյանին ցույց է տալիս կառավարությունը: Ինչպես հայտնի է, կառավարությունը Հայաստանում, հատկապես այժմ, երբ տնտեսական բարդ վիճակ է, որը շարունակվելու միտում ունի, իշխանական ազդեցության հասնելու ամենալավ գործիքը կամ տեղը չէ: Բայց հարցն այն է, թե ինչ է իրականում Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը` սպառնալիք, հրաման, թե պարզապես հուսահատ ցանկություն: Եվ նաեւ հետաքրքրական է, թե ինչ է այդ մասին մտածում Սերժ Սարգսյանը` Տիգրան Սարգսյանն անելիք ունի՞ Հանրապետական կուսակցությունում, թե ոչ, եւ ինչն է այդ անելիքը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: