Thursday, December 10, 2009

Հայաստանյան իրավապաշտպաններ. Հայաստանի իշխանությունները չեն կատարում ԵԽԽՎ բանաձեւերի պահանջները

News.am. 10-12-2009- 2009 թ.-ին Հայաստանում իրավապաշտպանների կողմից գրանցվել են մի շարք դեպքեր, երբ տեղի են ունեցել խոշտանգումներ, ուժի կիրառման միջոցով կորզվել են ցուցմունքներ, դիտարկվել են արդար դատաքննության խախտումներ: Այդ մասին ասված է մարդու իրավունքների պաշտպանության օրվա (այն նշվում է այսօր՝ դեկտեմբերի 10-ին) կապակցությամբ հայաստանյան մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ: Որպես մարդու իրավունքների խախտման վառ դեպք իրավապաշտպանները նշել են 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց հետեւող գործընթացները: «Մինչ այժմ չբացահայտված են մնում 2008թ. մարտի 1-ի երեկոյան իշխանությունների կողմից ուժի կիրառման հետեւանքով տասը քաղաքացիների սպանության հանգամանքները եւ պատասխանատու անձինք: Այսինքն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 1609, 1620, 1643, 1677 Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւերը դեռեւս լիարժեք չեն կատարվել: Այսօր ազատազրկման վայրերում շարունակում են մնալ թվով մեկ տասնյակից ավել քաղբանտարկյալներ»,- արձանագրել են իրավապաշտպաններն են Հայաստանի իշխանություններից պահանջել. 1. ներկայացնել մարտի 1-ին տասը քաղաքացու սպանության հանգամանքների բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունները 2. շուտափույթ բացահայտել տասը քաղաքացու սպանության հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին` վերջ դնելով անպատժելիության մթնոլորտի խորացմանը: 3. անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին` ստեղծելով առանց քաղաքական հետապնդումների երկիր": Հայտարարությանա տակ ստորագրել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Հայաստանի հելսինկյան ընկերակցությունը եւ այլ կազմակերպություններ:

No comments: