Friday, December 25, 2009

Մի խումբ հասարակական կազմակերպություններ ստեղծել են Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ

/PanARMENIAN.Net/ 24.12.2009 - Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ջավախահայությունն ամեն օր վրացական իշխանությունների քաղաքական, լեզվական, մշակութային, կրթական, կրոնական եւ սոցիալ-տնտեսական խտրական վերաբերմունքին է ենթարկվում: Սամցխե- Ջավախք-Ծալկա տարածաշրջանում հայության ներքին հանրային-քաղաքական եւ վարչական կյանքը կառավարում են Վրաստանի ուժային կառույցները եւ հատուկ ծառայությունները: Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում չունի իրավական կարգավիճակ: Վրաստանում ոչնչացվում է հայկական պատմամշակութային ժառանգությունը: Հայաստանի եւ Վրաստանի սահմանագծում Վրաստանի սահմանապահները արհեստականորեն խոչընդոտում են հայերեն լեզվով մամուլի եւ գրականության մուտքը տարածաշրջան: Ուժային կառույցների ճնշման տակ մի շարք գործիչներ լքել են իրենց տները, շատերին, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն ջավախահայության` թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան»: Հաշվի առնելով վերոնշյալը` «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» ՀԿ միությունը, «Միտք» վերլուծական կենտրոնը, «Վիրք» կուսակցությունը, «Ջավախք» ժողովրդական շարժումը ազդարարում են Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի ստեղծման մասին: Խորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանություններին երկխոսության եւ հանդուրժողականության մթնոլորտում լուծել տարածաշրջանում հայերին հուզող հարցերը, դադարեցնել հայ ակտիվիստների նկատմամբ ոստիկանական հալածանքներին եւ քաղաքական հետապնդումներին, վերադարձնել հայկական տաճարներն ու եկեղեցիները, իրավական կարգավիճակ տալ Հայ Առաքելական եկեղեցուն:

No comments: