«Փորձագետ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ք.գ.թ. Ալեն Ղևոնդյան
Վերջին շրջանում ադրբեջանցի պաշտոնյաները միաբերան դժգոհում են Արևմուտքից` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում փորձելով հասնել հակառակ բևեռի` ՌԴ-ի աջակցությանը:
Նոյեմբերի 26-ին «Միացյալ ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Հ.Հասանգուլիևը հայտարարեց. «Ադրբեջանը կարող է անդամակցել ՌԴ-ի կողմից առաջնորդվող ՀԱՊԿ-ին և թույլ տալ, որ ռուսական ռազմակայաններ տեղակայվեն Ադրբեջանի տարածքում»: Հասանգուլիևը դա ներկայացրեց որպես գործարք` ուղղված Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ իրավունքների հաստատագրմանը:
Չնայած Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգում, որն ընդունվել է 2007թ.-ին, «եվրատլանտյան ինտեգրացիան» հռչակվում է որպես երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություն, Հ.Հասանգուլիևը և մի շարք այլ գործիչներ, վերլուծաբաններ հայտարարում են, թե այս շրջանում, Բաքվի արևմտյան կողմնորոշման դիմաց Բաքուն ոչինչ չի ստացել: «Ի հավելումն դրա նշենք, որ Վրաստանի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության փորձառությունն այսօր փաստում է, որ Ադրբեջանը երբեք չի անդամակցի Դաշինքին», - ավելացնում է Հասանգուլիևը, որը նշանակում է, թե անդամակցության խնդրանքով պետք չէ դիմել Բրյուսելին:
Հավելենք, որ կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչները չհրաժարվեցին Հասանգուլիևի հայտարարություններից, ավելին` վերջինիս ելույթը լիովին արտացոլում է Ադրբեջանում նոր ձևավորվող հակաարևմտյան միտումները: Դրա հերթական դրսևորումը եղավ ս.թ. նոյեմբերի 20-ին, երբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված համաժողովում հնչեցին Միացյալ Նահանգների և ԵՄ-ի քննադատական սուր ելույթներ, որտեղ նրանք մեղադրվում էին ԼՂ-ի հակամարտության կարգավորմանը օժանդակելու անկարողության մեջ: Ռուսաստանը, որը նույնպես միջնորդ է բանակցային գործընթացում, քննադատական նման վերաբերմունքից զերծ մնաց:
«Այն ջանքները, որոնք վերջին շրջանում առաջատար երկրները գործադրում էին Հայաստանի և Թուրքիայի կոմից արձանագրությունները ստորագրելու համար, ԼՂ-ի հարցում նրանք (առաջատար երկրները) չցուցաբերեցին»: Այս մասին համաժողովի ժամանակ հայտարարեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Ն.Մամեդովը: Նման անհավասարակշռությունը կարող է հանգեցնել Ադրբեջանի արտաքին քաղաքական դիրքորոշման փոփոխմանը: Մամեդովը արձանագրեց, որ Ադրբեջանի կողմից 1 մլրդ դոլարի կորուստի պայմաններում ԱՄՆ-ը մոռացել է մեզ և օգնում է Հայաստանին:
Ադրբեջանի Պառլամենտի փոխխոսնակ Զ.Ասկերովը գնաց ավելի հեռու` նշելով, որ «ժամանակակից աշխարհում գործունակ է միայն ուժը, ակնարկելով վրաց-ռուսական վերջին բախման արդյունքները և Կոսովոյի անկախության ճանաչումը, ապա ԼՂ հակամարտության հարցում Ադրբեջանը կարող է հույցը դնել միայն իր բանակի վրա»: ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը դարձել է հայկական լոբբիի պատանդը:
Ադրբեջանաամերիկյան հարաբերությունների բարելավմանը չնպաստեց նաև Ադրբեջանում երկու բլոգերների բանտարկությունը, որի մասին ըստ ադրբեջանական աղբյուրների ավելի շատ գրվեց արևմտյան լրատվամիջոցներում, քան ԼՂ հակամարտության մասին ընդահանրապես գրվել է:
Արևմուտքի նկատմամաբ այսօրինակ քննադատական վերաբերմունքի դրդապատճառների վերաբերյալ վերլուծություններ և մեկնաբանություններ տվեցին նաև ադրբեջանական փորձագիտական հանրույթի մի շարք ներկայացուցիչներ նույնպես, որոնց կարծիքները բավական տարբեր էին:
Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Է.Շահինօղլուի կարծիքով Արևմուտքի հասցեին նման քննարդատության պատճառը այն է, թե Ադրբեջանը այսօր նյարդայնացած է, քանի որ հայ-թուրքական հաշտեցման բանակցային գործընթացը սպասվածից ավելի արագ առաջընթաց է ապրում, քան ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որն արդեն տևում է ավելի քան 15 տարի: «Հայ-թուրքական արձանագրություններից հետո Ադրբեջանն իրեն զգում է մեկուսացված և մենակ, և ԼՂ հակամարտության գործընթացում արագ առաջընթացի կարիք ունի», - նշում է փորձագետը:
Այն փաստը, որ ՌԴ-ն չէր հիշատակվում ԼՂ բանակցային գործընթացի միջնորդ երկրներին ուղղված քննադատական հայտարարությւոններում, փաստում է այն մասին, թե Բաքուն հույսեր է փայփայում, դեպի ՌԴ գազային արտահանման ծավալների ավելացման և տնտեսական գործակցության խորացման արդյունքում Մոսկվան կարող է օգնել լուծել ԼՂ հակամարտությունը: Սակայն հիշեցնենք, որ արդեն տարիներ շարունակ Մոսկվան արտահայտում է իր դիրքորոշումը հետևյալ մոտեցմամբ. «մեզ համար ընդունելի է ցանկացած որոշում, որը կբավարարի կողմերին և մենք որևէ ճնշումներ չենք գործադելու կողմերի վրա»:
Ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետ` Զ.Գուլիևը, ենթադրում է, որ Բաքվի հակաարևմտյան հայտարարությունների հիմքում ընգած է ոչ միայն ԼՂ հիմնահարցը: Այստեղ դերակատարում է ունեցել նաև Արևմուտքի քննադատական վերաբերմունքը Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր իրավիճակի, քաղաքական և այլ բնույթի այլախոհների նկատմամբ: Արևմուտքը այսօր բավական սուր է արձագանքում նմանօրինակ իրողություններին, և Բաքուն ցանկանում է նրան զսպել հակաարևմտյան դեմարշներով:
Ակնհայտ է, որ նման պայմաններում, որքան էլ Ադրբեջանը փորձի հակաարևմտյան հռետորականություն բանեցնել, և տպավորություն ստեղծել, թե քաղաքական վեկտորի փոփոխման շեմին է կանգնած, իսկ նոր վեկտորը ռուսականն է, պարզ է, որ Ադրբեջանում խնդիրները ավելի շատ են, քան վեկտորների հնարավոր փոփոխման դեպքում դրանց լուծման հնարավորությունները: Ադրբեջանը ավելի քան 15 տարի ձգտում է իրեն տեսնել եվրատլանտյան ինտեգրման գործընթացներում և այսօր որքան էլ գազային դիվանագիտությունը կարող է պայմաններ ստեղծել ռուս-ադրբեջանական հնարավոր մերձեցման համար, այն, սակայն, ռազմավարական առումով չի կարող լուծել Բաքվի առջև ծառացած խնդիրները և հատկապես ԼՂ հակամարտությունը, քանի որ տարածաշրջանը վաղուց արդեն դադարել է լինել միայն ռուսական կենսական շահերի ոլորտը:
Աղբյուր՝ Aysor.am. 21-12-2009
Monday, December 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment