Sunday, December 27, 2009

Ֆիզիկոսները պարզել են Ձմեռ պապի արագությունը

Aysor.am. 26.12.2009- Վոլֆսբուրգի Phaeno գիտահետազոտական կենտրոնի ֆիզիկոսները հաշվարկել են արագությունը, որով Ձմեռ պապը պետք է շարժվի, որպեսզի մեկ գիշերվա ընթացքում կարողանա նվերներ բաժանել բոլոր գերմանացի երեխաներին: Լենտա ռու-ն, վկայակոչելով Շպիգելին, գրում է, որ հաշվարկի համար օգտագործվել են հետևյալ չափանիշները` Գերմանիայում բնակվում է մինչև 15 տարեկան շուրջ 11 մլն երեխա, երկրի տարածքը 357 հազար քառակուսի կիլոմետր է, ընդ որում, բնակեցումը խիտ չէ, ճանապարհները, անտառներն ու դաշտերը շատ են: Միջին հաշվարկում ստացվում է, որ ամանորյա նվերների սպասող երեխաների տները 62 մետր հեռավորության վրա են: Այսպես, Ձմեռ պապին անհրաժեշտ է 682 հազար կլիոմետր տարածություն կտրել: Արագագնաց գնացքներից մեկին, օրինակ, այդ տարածությունը կտրելու համար մեկ տարի է անհրաժեշտ, իսկ Ձմեռ պապի տրամադրության տակ միայն մեկ օր կա, այդ իսկ պատճառով նա պետք է իր սահնակով շարժվի 28 416 կմ/ժ արագությամբ: Դա մասամբ բացատրում է այն փաստը, թե ինչո՞ւ Ձմեռ պապին ոչ ոք չի տեսել. այդ արագության դեպքում դա պարզապես անհնար է, ինչպես նաև, թե ինչո՞ւ նա կարմիր քիթ ունի` դա օդի հետ մեծ արագության շփման արդյունք է: Ֆիզիկոսները նաև նշում են, որ նման արագության պարագայում Ձմեռ պապը պետք է բռնկվեր, բայց հավանաբար, նա պաշտպանված է հատուկ կարմիր կոստյումով: Եթե ենթադրենք, որ ամեն երեխայի Ձմեռ պապը նվիրում է գոնե 10 սալիկ շոկոլադ, ապա նրա սահնակը պետք է միլիոնավոր կիլոգրամ նվերներ պարունակեր, դա մոտավորապես հավասար է 150 մեծ բեռնատար կոնտեյների: Որպեսզի սահնակը տեղից շարժվի, անհրաժեշտ կլինի առնվազն երկու դիզելային լոկոմոտիվ, սակայն քանի որ Ձմեռ պապը լոկոմոտիվով չի երթևեկում, սահնակը տեղից շարժելու համար առնվազն 3000 եղնիկ է պետք: Ֆիզիկոսները բացառել են նաև, թե Ձմեռ պապն իր եղնիկներին «Ho, օհօ» կանչելով է քշում: Սահնակի արագությունը 23 անգամ գերազանցում է ձայնի արագությանը, ուստի Ձմեռ պապի ձայնը երբեք չի կարող հասնել եղնիկների ականջներին, որոնք այդ ժամանակ բավական առաջ անցած կլինեն:

No comments: