Friday, December 25, 2009

CBS-Ը ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՀՈՒՅՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Մոռանալով հայերի իրավունքները Դեկտեմբերի 17-ին եթեր հեռարձակված CBS հեռուստացանցի «60 րոպե» ծրագիրը ջախջախիչ բացահայտում էր Թուրքիայում հույն փոքրամասնության իրավունքների ոտնահարման: Հունական ուղղափառ եկեղեցու էկումենիկ պատրիարք Բարդուղիմեոսը (նստավայրըՙ Ստամբուլում) խիզախորեն քննադատեց Թուրքիայի կառավարությանըՙ իրեն որպես «երկրորդ կարգի քաղաքացու» վեաբերվելու համար, եւ նշեց, որ Թուրքիայում կարծես «խաչված» է զգում իրեն: Սա երեւի առաջին անգամ է, որ ամերիկյան գլխավոր հեռուստացանցերից մեկը համարձակվում է հեռարձակել մի ծրագիր, որը բացահայտում է թուրքական իշխանությունների խտրական վերաբերմունքը հույն փոքրամասնության հանդեպ: CBS-ը կարծես կարղացել է հաղթահարել այն խստագույն ճնշումները, որ Անկարան եւ նրա վաշինգտոնյան լավ վճարված քարոզիչները սովորաբար բանեցնում են Թուրքիայի վերաբերյալ նախատական ծրագրերը գրաքննության ենթարկելու համար: Այդ իսկ պատճառով զարմանալի չէր, որ թուրք պաշտոնյաներ, ներառյալ նախագահ Գյուլը, անմիջապես բարկությամբ արձագանքեցին: Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կեղծավորությամբ նկատեց, որ հույն պատրիարքը պետք է իր բողոքները իշխանություններին ներկայացներ նախեւառաջ: Նա այնպես էր խոսում, կարծես անտեղյակ լիներ այն անթիվ-անհամար բողոքներից, որ պատրիարքը ներկայացրել էր իր ժողովրդի հանդեպ գործադրված անարդարությունների վերաբերյալ: Թուրքական կառավարությունը ոչ միայն անպատասխան էր թողել այդ բողոքները, այլեւ դիտավորյալ վարել էր հետապնդումների եւ ահաբեկելու մի քաղաքականություն, որի նպատակն էր ստիպել հազարավոր հույների (նաեւ հայերի, հրեաների եւ ասորիների) թողնել իրենց բնակավայրերն ու աշխատավայրերը եւ հեռանալ երկրից: «60 րոպե» ծրագրի թղթակիցՙ Բոբ Սայմոնը հաղորդեց, որ «անցյալ դարասկզբին մոտ 2 միլիոն ուղղափառ քրիստոնյաներ էին ապրում Թուրքիայում, որոնցից 1,5 միլիոնը 1923-ին արտաքսվել են, իսկ մոտ 150 հազարըՙ հետագայում թողել Թուրքիան Ստամբուլում 1955-ին տեղի ունեցած հակաքրիստոնեական կատաղի բռնություններից հետո: Ներկայումս ընդամենը 4 հազար ուղղափառ քրիստոնյաներ են ապրում երկրում»: «Ես հանդիպել եմ վարչապետի եւ բազմաթիվ նախարարների հետ ու ներկայացրել մեր խնդիրները... հայցելով նրանց օգնությունը», նշեց պատրիարք Բարդուղիմեոսը, ավելացնելով, որ «ոչ մի պատասխան չի ստացել ցարդ»: «60 րոպեն» իր կայքում հետագայում հայտարարեց, որ «թուրքական իշխանություններն առգրավել են քրիստոնյաների ունեցվածքները եւ փակել քրիստոնեական եկեղեցիները, մենաստաններն ու դպրոցները»: Հույն «ծխականները ենթադրում են, որ իշխանությունները ցանկանում են ստիպել Բարդուղիմեոսին եւ նրա եկեղեցուն (որն ամենահինն է) դուրս գալ Թուրքիայից»: «Կառավարությունը դա է ցանկանում, բայց մենք հավատում ենք, որ դա երբեք տեղի չի ունենա», ասաց պատրիարքը Բոբ Սայմոնին: Ժամանակ առ ժամանակ հույն եւ այլ փոքրամասնությունների հանդեպ գործադրված հետապնդումներն ունեցել են ողբերգական վախճան, ինչպես պատահեց Հրանտ Դինքի դեպքում: Ի դեպ, հենց այն ժամանակ, երբ Սայմոնն ավարտում էր իր շրջագայությունը հույն պատրիարքի նստավայրում, մի թուրք ոստիկան շտապ հաղորդեց, որ պատրիարքի կյանքին վտանգ է սպառնում: Նախկին վտանգներն այնքան լուրջ էին, որ թուրքական իշխանությունները փշալարեր եւ լուսանկարչական ապարատներ էին տեղադրել նստավայրի շրջապատում, իսկ պատրիարքին էլ 24-ժամյա պաշտպանություն ապահովել: Սայմոնը նաեւ բացահայտեց, որ հակառակ իր իսլամական «արտաքինին», վարչապետի կառավարությունը սովորաբար խախտում է Մուհամմեդ մարգարեի հանդուրժողականության սկզբունքը: Նա նշեց, որ մարգարեի բարյացակամության պատգամը իրականում չի գործադրում թուրքական իշխանությունը: Թուրքիայում միակ հույն ուղղափառ դպրեվանքըՙ «Հալքի աստվածաբանության դպրոցը», կառավարության որոշումով փակվեց 1971-ին: Եվ քանի որ ըստ թուրքական օրենքի քահանաներն ու պատրիարքները պետք է լինեն Թուրքիայի քաղաքացիներ, նոր քահանաներ հնարավոր չէ պատրաստել դպրեվանքի փակման պայմաններում: Իսկ քահանաներ չլինելու դեպքում վտանգվում է եկեղեցու ապագա գոյությունը: Դժբախտաբար, CBS-ը ամբողջովին անտեսեց հայերի եւ այլ փոքրամասնությունների ճակատագիրը: Սայմոնը, կարծես դիտավորյալ, ոչ մի բառ նրանց մասին չասաց, մինչդեռ կարող էր առնվազն թռուցիկ ակնարկներով նշել հայերի մասին, որոնք երկրում ամենամեծ քրիստոնեական փոքրամասնությունն են եւ որոնք նույնպես ենթարկվել են անարդարությունների ու բռնությունների, ընդհուպ ցեղասպանության: Ընթերցողներին խնդրում եմ, որ դիմեն CBS-ի ղեկավարությանը եւ իրենց գոհունակությունը հայտնելով հանդերձՙ աննախադեպ բացահայտումների համար, հետաքրքրվեն, թե ինչու ոչ մի խոսք չասվեց հայերի եւ այլ փոքրամասնությունների մասին, որոնք նույնպես տառապել էին թուրքական լծի ներքո: Ձեր դիմումները հասցեագրեքՙ http//www.cbsnews.com/video/watch/?id=60017n#comments.: ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր», Թարգմ. Հ. Ծ.

No comments: