Saturday, January 9, 2010

«Սաբահ». Թուրք հասարակությունում փոխհատուցման երկյուղ է ձևավորվում

Panorama.am. 8-1-2010- Թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթի հեղինակավոր վերլուծաբան Էրդալ Շաֆաքը իր «Ջրհորի քարը» հոդվածում ուշադրություն է հրավիրում թուրք հասարակությունում խորացող փոխհատուցման երկյուղի վրա: Շաֆաքը նախ անդրադառնում է արտասահմանաբնակ բուլղարացիների հարցերով պատասխանատու պետնախարար Բոժիդար Դիմիտրովի այն հայտարարությանը, ըստ որի, Թուրքիան պետք է 10 մլրդ դոլար փոխհատուցում վճարի 1913-ին Թրակիայից գաղթած բուլղարացիների նյութական կորուստների դիմաց: Նշվում էր, որ տնտեսության մեծությամբ աշխարհում 16-րդը հանդիսացող Թուրքիայի համար դա առանձնապես մեծ գումար չէ: Ինչևէ, բուլղարացի նախարարը ներողություն է խնդրել Անկարային սխալ պահանջ ներկայացնելու համար: Թվում է` թեման փակվեց-գնաց, բայց Շաֆաքը նկատել է տալիս, որ թուրք հասարակությունում հետզհետե ձևավորվում է փոխհատուցման երկյուղ ու սարսափ: Ըստ թուրք վերլուծաբանի` հայ-թուրքական կարգավորման գործընթացն այդ իմաստով ևս մեծ ռիսկեր է պարունակում թուրք հանրության համար: «Հայաստանի հետ հարաբերությունների հարցում թուրք հասարակությունը ջանում է չբարձրաձայնել իր հիմնական նախազգուշության մասին: Դա ձևավորում է «Հատուցման սարսափ»,- գրում է Էրդալ Շաֆաքն ու ընդգծում, որ Հայոց ցեղասպանությանը թուրքերի ցուցաբերած ժխտողականության կարևորագույն պատճառը հետևյալն է: «Եթե ցեղասպանությունն ընդունենք, ապա հայերը հանդես կգան հատուցման պահանջով: Հետո էլ հողային պահանջ կներկայացնեն…»: Թուրք հեղինակը նշում է, որ բուլղարացի նախարարի ներկայացրած փոխհատուցման պահանջը նման էր ջրհոր նետված մի քարի, որը ջրի երես հանեց թուրք հանրության թաքուն երկյուղածությունը: Իսկ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու շեմին այդպիսի իրադարձությունն ավելի է խորացնում այդ երկյուղը:

No comments: