Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացի ձախողումը հանգեցնելու է Թուրքիայի մեկուսացմանը
«ԱԶԳ, 30-01-2010- Հունվարի 27-ին Լոնդոնում Աֆղանստանին նվիրված միջազգային կոնֆերանսի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: «Ազգը» տեղեկացրել էր այդ մասինՙ վկայակոչելով թուրքական թերթերը: Երեկվա համարներում դրանք, մասնավորապես «Զամանը», վերստին անդրադարձան Քլինթոն-Դավութօղլու հանդիպմանը, նաեւ մանրամասնեցին:
Ըստ «Զամանի», ՀՀ սահմանադրական դատարանի հայ-թուրքական Արձանագրությունների մասին որոշումը փակուղու առջեւ է կանգնեցրել Երեւան-Անկարա նորմալացման գործընթացը. դրա պատճառը որոշման մեջ Հայոց ցեղասպանությանը կատարված ակնարկն է, դա հակազդեցություն է առաջ բերել Թուրքիայում, սակայն դրա առնչությամբ Հայաստանից գրավոր իրավական երաշխիքներ ստանալու թուրքական կողմի ակնկալիքները չեն արդարանում:
Թուրքական թերթը գրում է, որ Դավութօղլուին ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից բխող մտավախությունների առնչությամբ չի աջակցել նաեւ ամերիկյան կողմը, թեեւ պետքարտուղար Քլինթոնը լսել է նրա գանգատները, սակայն ոչ մի արձագանք չի տվել, իսկ պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է. «Սահմանադրական դատարանի որոշումը Հայաստանի խորհրդարանին միանգամայն տալիս է Արձանագրությունների վավերացման հնարավորությունը այն տեսքով, ինչ ստորագրվել են, եւ ոչ մի կերպ չի սահմանափակում կամ բնութագրում դրանք»:
Դավութօղլուի մտահոգությունների հանդեպ պետքարտուղարի անտարբերությունն ու պետքարտուղարության խոսնակի հայտարարությամբ արտահայտված մոտեցումը հիմք են տվել «Զամանին» ենթադրելու, որ Վաշինգտոնը, համարելով չափազանցություն, ականջի հետեւն է գցում Անկարայի մտահոգությունները:
Ի դեպ, հունվարի 27-ին Լոնդոնում Դավութօղլուն հանդիպել է Հայաստանի, ապա եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, պետքարտուղար Քլինթոնըՙ միայն Էդվարդ Նալբանդյանի, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովըՙ ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսի հետ: Այլ կերպ, հայ-թուրքական Արձանագրությունները եղել են Աֆղանստանին նվիրված լոնդոնյան կոնֆերանսի առանցքային խնդիրը, որոնց շուրջը կազմակերպված հանդիպումներն ու ծավալված քննարկումներն իրենց կնիքն են թողել այդ կոնֆերանսի վրա:
Ինչ վերաբերում է Նալբանդյան-Դավութօղլու հանդիպմանը, դա նույնպես, ինչպես ԱՄՆ պետքարտուղարի հետ Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումն էր, տեւել է 15 րոպե: Նյու Յորքի «Թուրքական» կայքէջի վկայությամբ, կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ Սահմանադրական դատարանիՙ Արձանագրություններին առնչվող որոշման շուրջը: Դավութօղլուն նշել է, որ այդ որոշումը նոր իրավիճակ է ստեղծում հայ-թուրքական նորմալացման գործընթացի համար, իսկ Նալբանդյանը կրկնել է մինչ այդ արտահայտած կարծիքը, թե դա չի փոխում գործընթացի բնույթը: Թեեւ կողմերը հետամուտ են եղել որդեգրած դիրքորոշումներին, սակայն հայտարարվել է, որ հանդիպումը օգտակար էր:
Որքան էլ Նալբանդյան-Դավութօղլու 15-րոպեանոց հանդիպումը օգտակար համարվի, ակնհայտորեն ելման կետ է վերադառնում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման գործընթացը: Դրա հիմքում պաշտոնական Անկարայի հետքայլն է, պայմանավորված Լեռնային Ղարաբաղում «առաջընթաց» ապահովելու համար Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջոցով Հայաստանի վրա ճնշում բանեցնելու թուրքական հաշվարկների ձախողմամբ:
Ըստ երեւույթին ձախողվում է նաեւ հայ-թուրքական նորմալացման գործընթացում կատարված հետքայլը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ պայմանավորելու, այսպիսով գործընթացի ձախողման պատասխանատվությունը հայկական կողմի վրա բարդելու Թուրքիայի հաշվարկները, եւ ապարդյուն են անցնում որոշման մեջ թուրքական կողմի համար անընդունելի ցեղասպանության կետի առնչությամբ Հայաստանից նախապես իրավական գրավոր երաշխիքներ ստանալու Անկարայի ձեռնարկումները:
Դա անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանի հարցում Թուրքիայի միջազգայնորեն մեկուսացմանը, քանի որ թուրքական կողմը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմամբ շահագրգիռ միջազգային ուժերին զգուշացրել է, որ առանց Հայաստանից իրավական երաշխիքներ ստանալու չի կարող Արձանագրությունների վավերացմանն ուղղված քայլեր կատարել:
Մեկուսացման առումով թերեւս հատկանշականը Վաշինգտոնում ձեւավորվող հետեւյալ կարծիքն է. «Թուրքիան ի սկզբանե հակված չի եղել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, ուստի նա ստորագրված Արձանագրություններն ամբողջությամբ անվավեր ճանաչելու համար պատրվակ է փնտրում: Մինչդեռ Հայաստանն անշեղորեն կատարում է Արձանագրություններով ստանձնած պարտավորությունը», որն, ի դեպ, հունվարի 25-ի համարում մատնացույց էր արել «Սաբահ» թերթը:
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Saturday, January 30, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment