Saturday, January 30, 2010

Թուրքիայի հայ համայնքին հարկավոր է ակտիվ աթոռակից պատրիարք

/PanARMENIAN.Net/ 29.01.2010 - Թուրքիայի հայ համայնքն ամենախոշորն է երկրում եւ թուրքական իշխանություններն ամեն կերպ ցանկանում են կործանել այն: Հենց այդ պատճառով Թուրքիայի ղեկավարությանը ձեռնատու չէ, որ Կոնստանդինոպոլսի աթոռակից պատրիարքի պաշտոնում ընտրվի այնպիսի գործիչ, որը կկարողանա ակտիվացնել պատրիարքության եւ ողջ համայնքի գործունեությունը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքերով, այսօր Թուրքիայի հայ համայնքի առջեւ մի շարք ակտուալ խնդիրներ են ծառացած` հայկական դպրոցների, լեզվի, խառը ամուսնությունների հարցերը: Ինչպես ասել է Ռ.Մելքոնյանը, այդ խնդիրների չլուծված լինելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, նույնիսկ հանգեցնելով համայնքի փլուզման: «Յուրաքանչյուր տարվա հետ հայկական դպրոցների թիվը Թուրքիայում կրճատվում է` 32 դպրոցներից այսօր գործում են 17-ը, որտեղ սովորում են շուրջ 3000 աշակերտներ: Թուրքիայում կա 42 հայկական եկեղեցի, որոնց մի մասը չի գործում հոգեւորականներ բացակայության պատճառով»,-աել է արեւելագետը: Բացի այդ, մեծաթիվ են խառը ամուսնությունները (շուրջ 40 տոկոս), շատերը չեն տիրապետում հայերենին: Ըստ Ռ.Մելքոնյանի տվյալների, Ստամբուլի հայ համայնքի շուրջ 90 տոկոսը խոսում է թուրքերեն, հայերեն է խոսում միայն երիտասարդների 7-10 տոկոսը: «1920թթ. Թուրքիայում քրիստոնեությունը պահպանած հայերը 250-300 հազար են: Այսօր համայնքը ակտիվ հոգեւոր առաջնորդի կարիք ունի, որը կկարողանա միավորել այն եւ զբաղվել համայնքի խնդիրներով»,-ասել է Մելքոնյանը: Նրա խոսքերով, ներկայումս աթոռակից պատրիարքի 3 թեկնածություն կա` ՀԱԵ Գուգարքի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը, եպիսկոպոս Գարգեին Բեկչիյանը եւ արքեպիսկոպոս Արամ Հատեշյանը, իսկ երեք թեկնածուներից թուրքական իշխանությունների առավելագույն վստահությունն է վայելում արքեպիսկոպոս Արամ Հատեշյանը, որն արդեն հանդիպել է վարչապետ Էրդողանի հետ: Թուրքիայում գործող Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարքարանն ունի շուրջ 30 գործող եկեղեցիներ, որտեղ ծառայում են 30 քահանա եւ 20 սարկավագ: Կոնստանդինոպոլսի պատրիարքի պաշտոնը 1998թ. ի վեր զբաղեցնում է Մեսրոպ Մութաֆյանը: Սակայն տարած վիրահատություններից եւ մի քանի մահափորձերից հետո, որ իրականացրեցին «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության անդամները, 53-ամյա պատրիարքի ինքնազգացողությունը վատթարացավ, իսկ հետո բժիշկներն անբուժելի ամնեզիա ախտորոշեցին նրա մոտ: 2004թ. Թուրքիայի ղեկավարությունը թույլ չի տալիս հայ համայնքին (ըստ թուրքական օրենքների ազգային համայնքի ղեկավարը միաժամանակ նաեւ նրա հոգեւոր առաջնորդն է) նշանակել նոր պատրիարքի կամ գոնե նրա աթոռակից պատրիարքի ընտրությունները: Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարքը, Երուսաղեմի պատրիարքի հետ մեկտեղ, Հայ Առաքելական եկեղեցու ինքնավար պատրիարքություններից է: Ըստ կանոնակարգի երկու այդ պատրիարքություններն ենթարկվում են Էջմիածնի կաթողիկոսությանը: Երուսաղեմի ու Կոնստանդինոպոլսի պատրիարքներն ունեն արքեպիսկոպոսների հոգեւոր աստիճան: Երուսաղեմի պատրիարքությանը ենթարկվում են Իսրայելի եւ Հորդանանի հայկական եկեղեցիները, իսկ Կոնստանդինոպոլսի պատրիարքությանն են ենթարկվում Թուրքիայի եւ Կրետե կղզու հայկական եկեղեցիները:

No comments: