Thursday, January 28, 2010

Թուրքիայում շարունակվում են քրդերի ձերբակալությունները

Tert.am. 27-1-2010- Այսօր առավոտյան թուրքական ոստիկանության ներկայացուցիչները ձերբակալել են Աղրըի նահանգի Թութաքի գավառապետին: Քրդական լրատվամիջոցների փոխանցմամբ` գավառապետ Այհան Դեմիրելը «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության ներկայացուցիչ է: Նրանից բացի ձերբակալվել են նաև Թութաքի գավառապետարանում գտնվող չորս այլ անձինք: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Վերջին շրջանում Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո մեծ թափ են ստացել քրդերի ձերբակալությունները: Այդ մասին են վկայում «Ֆըրաթ» գործակալության տրամադրած տեղեկությունները, որոնց համաձայն` 2009թ. վերջին և 2010թ. սկզբին Թուրքիայում ձերբակալվել է «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցությանը հարող 1500 մարդ, այդ թվում` քաղաքական գործիչներ: Հիշեցնենք, որ անցած տարի Թուրքիայի Սահմանադրական դատարանն արգելեց «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցության գործունեությունը: Տեղեկությունների համաձայն` միայն 2009թ. դեկտեմբերին ձերբակալվել է 1366 մարդ, որոնցից 491–ի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվել է կալանքը: Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի Իգդիր քաղաքում քրդերը պարբերաբար ցույցեր են կազմակերպում` ի նշան բողոքի «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության անդամների, այդ թվում` Իգդիրի քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշի ձերբակալության: Նախանցած օրն այդպիսի մի բազմահազարանոց ցույցի ժամանակ թուրքական իրավապահ մարմինները ձերբակալել են 53 ցուցարարի:

No comments: