
/PanARMENIAN.Net/ 27.01.2010 - Թուրքիայի հայտարարությունները ո'չ Հայաստանի, ո'չ միջազգային հասարակության համար անսպասելի չպետք է լինեն: Այս մասին Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքերի համաձայն, Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման առիթով Թուրքիայի հայտարարություններն ընդամենը ծիծաղելի են: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Թուրքիայի այդ հիվանդագին վերաբերմունքի պատճառն այն է, որ «արձանագրությունները պարտավորություններ են ընդգրկում, որոնք Թուրքիայի համար երկար տարիներ հիմնախնդիրներ են եղել, դրանք են` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների բացումը եւ Հայոց ցեղասպանությունը»:
Լ. Ալավերդյանն ավելացրել է, որ Թուրքիայի համար արձանագրություններում նշված կետերը նվազագույն ծրագիր է, իսկ առավելագույն ծրագիրը` Ադրբեջանի օգտին ղարաբաղյան հարցի լուծմանը հասնելն է: Նրա կարծիքով Թուրքիան կվավերացնի արձանագրությունները, քանի որ այն իր համար պատմական հարց է լուծում: Միաժամանակ նա ասել է, որ Թուրքիայի հայտարարությունները ընդամենը բողոքի նմանակում է, իսկ ՀՀ ՍԴ որոշումը նրանց ձեռնտու է:
ՀՀ ՍԴ որոշմանն անդրադառնալով, Ալավերդյանն ասել է, որ այն ընդունվել է քաղաքական դրդապատճառներով: Իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին անդրադառնալով, ասել է, որ Հայաստանի իշխանությունները ճիշտ չօգտագործեցին խաղաղության տարիները: «Հայաստանը գործուն դրույթներ չունի ո'չ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ո'չ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ»: Նա նաեւ ասել է, որ դրական է գնահատում բանակցային գործընթացներին Արցախի մասնակցությունը, որ դա հետընթաց է` դրական իմաստով:
Հովհաննես Սահակյանն, իր հերթին, նշել է, որ Թուրքիան շարունակելու է տարբեր պատճառներ գտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը խափանելու համար: «Եթե հարաբերությունների կարգավորման գործընթացը խափանվի, ապա մենք վերադառնալու ենք այն իրավիճակին, ինչ մինչ արձանագրություններն էին», - նշել է Սահակյանը եւ ավելացրել, որ երկրների միջեւ հարաբերությունները դրանից հետո ավելի կսրվեն:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Հունվարի 25-ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Նախագահների հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հաղորդեց բանակցությունների արդյունքների մասին: Նրա խոսքով, նախագահների հանդիպումը բավական արգասաբեր էր: Ընդ որում, նա նշեց, որ հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն էր, որ կողմերը համաձայնեցին վերանայել եւ խմբագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր այն կետերը, որոնք իրենց համար անընդունելի են համարվում:
Ինչպես հաղորդեց բանակցային գործընթացին մոտ բարձրաստիճան աղբյուրը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Սոչիում քննարկված համաձայնագրի նախաբանում արձանագրվել է բանակցությունների հաջորդ փուլում ԼՂՀ մասնակցության անհրաժեշտությունը: Նախաբանում ամրագրվել է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթությունը: -
«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ:
2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը:
No comments:
Post a Comment