Հարցազրույց իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ:
-Որպես իրավապաշտպան, ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճիռը, երբ թեեւ մեղադրող կողմը 225 հոդվածի համար պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն դատարանը դատապարտեց 7 տարվա ազատազրկման:
-Խոսել, թե քանի տարվա ազատազրկման են դատապարտել Նիկոլ Փաշինյանին, սխալ է, քանի որ իրականում նա անմեղ էր, հանցագործություն չէր գործել, եւ ճիշտ դատարանը նրան պետք է ազատ արձակեր` ներողություն խնդրելով այսքան ամիս կալանքի տակ պահելու համար: Սակայն հայաստանյան իրականության մեջ նման բան չի լինում, մանավանդ` քաղաքական եւ պատվիրված գործերով: Իսկ Նիկոլ Փաշինյանի գործը քաղաքական էր ու իշխանությունների կողմից պատվիրված, եւ բնական է, որ պետք է լիներ մեղադրական դատավճիռ: Ես հույս ուների, որ նրա նկատմամբ ինչ-որ դատավճիռ կկայացնեին, հետո համաներմամբ ազատ կարձակեին: Սակայն դա տեղի չունեցավ, ինչը խոսում է այն մասին, որ այս իշխանությունները չափից ավելի չարացած են Նիկոլի դեմ, որ այդ դատավճիռը հիմնված էր անձնական վրեժխնդրության վրա, եւ հայաստանյան իշխանություններն իրենց անձնական վրեժը լուծելիս հաշվի չեն առնում ոչ երկիրը, ոչ երկրի շահը, ոչ այն հնարավոր բարդությունները, որոնց առաջ կարող է կանգնել Հայաստանը:
-Իշխանությունները, ըստ տրամաբանության, կարող էին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ էլ կիրառել նույն համաներումը, ինչ 7-ի գործով անցնող մյուս քաղբանտարկյալների նկատմամբ կիրառեցին: Սակայն դա չարեցին:
-Սա միայն անձնական վրեժխնդրության հետեւանք է: Ամենավերին օղակներում ինչ-որ մեկը խնդիր է դրել իր առաջ` Նիկոլին հնարավորինս երկար ազատազրկման դատապարտելու համար: Ուրիշ որեւէ մեկնաբանություն սրան տալը դժվար է, քանի որ սա իրավաբանության հետ որեւէ առնչություն չունի: Նիկոլ Փաշինյանը հայտնի լրագրող է, Կոնգրեսի վառ ներկայացուցիչներից մեկը, եւ ես կարծում եմ, որ նրա “ճակատամարտն” այս իշխանությունների դեմ միայն այսքանով չի ավարտվի: Այս դատավճիռը կբողոքարկվի նախ Հայաստանում, հետո` Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Իհարկե, իշխանությունները Եվրոդատարանում պարտվելու են, Նիկոլը շահելու է հայցը: Բայց ցավալի է, որ այդքան ժամանակ նա կանցկացնի բանտում` անազատության մեջ:
-Այս ամենը տեղի ունեցավ ԵԽԽՎ նիստից առաջ. նախկինում ԵԽԽՎ նիստերից առաջ քաղբանտարկյալներին որեւէ կերպ ազատ էին արձակում, հիմա, ձեր կարծիքով, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կատարվեց հակառակը. ավելի դաժան պատիժ նշանակվեց նրան: ԵԽԽՎ-ից իշխանությունները “քարտ բլա՞նշ” ունեն` անպատիժ գործելու համար, թե արդեն արհարմարհում են նաեւ ԵԽԽՎ-ին:
-Քարտ բլանշը չգիտեմ թե ոնց է լինում: Դժվար թե ասեն` “ինչ ուզում եք արեք, մենք աչքերս կփակենք այդ ամենի նկատմամբ”: Բայց կարծում եմ, որ այստեղ գոյություն ունի առեւտուր հասկացությունը: Հայ-թուրքական հարաբերությունները հանված են առեւտրի, հանված են փոխանակման` ինչ-որ բանի դիմաց: Բայց այդ ամենը ժամանակավոր է. փոխանակումը տեղի կունենա կամ չի ունենա, բայց կարծում եմ, որ ԵԽԽՎ-ի բանաձեւերը կրկին կխստացվեն: Թեեւ առ այսօր էլ ԵԽԽՎ-ի խիստ բանաձեւերը շարունակում են մնալ ուժի մեջ: Եվ Նիկոլի այս դատավճիռն էլ ավելի կկոշտացնի դրանք, այն չի անտեսվի: Հայաստանյան իշխանությունները զոհաբերությունների գնով են հասել այն բանին, որ այսօր Նիկոլ Փաշինյանին երկարատեւ ազատազրկման են դատապարտել, որ բանտերում դեռ 15 քաղբանտարկյալ կա: Այդ ամբողջի համար ռեժիմը վճարում է, բայց, ցավոք սրտի, վճարում է Հայաստանի Հանրապետության եւ նրա ապագայի հաշվին:
-Այսինքն` մի կողմից ԵԽԽՎ-ն առեւտուր կանի եւ հանուն հայ-թուրքական հարաբերությունների թույլ կտա իշխանություններին անպատիժ գործել, մյուս կողմից, այնուամենայնիվ, կկոշտացնի՞ իր վերաբերմունքը:
-Եվրոպական հասարակությունը, միջազգային հանրությունը, իրավապաշտպան կազմակերպությունները չեն կարող աչք փակել մարդու իրավունքների բացահայտ խախտումների վրա: Դա նրանց գործն է, աշխատանքն է, առօրյան է: Եթե դիվանագիտական շահերից ելնելով ինչ-որ ժամանակ երկրորդ պլան են մղում մարդու իրավունքների հարցը, դա չի նշանակում, որ սա հավերժ այդպես է լինելու: Որոշ խնդիրներ լուծելուց հետո կրկին վերադառնալու են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցին: Ես հավատում եմ դրան:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
«Լրագիր» 28-1-2010
Saturday, January 30, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment