
Panorama.am. 27-1-2010- Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի կայքէջը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հարցազրույց է տվել «NTV» հեռուստաընկերությանը, որի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-Պակիստան-Աֆղանստան եռակողմ հանդիպման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և թուրք-իսրայելական ճգնաժամային հարաբերությունների թեմաներին:
Աֆղանստանի վերաբերյալ Դավութօղլուն նշել է, որ այդ երկիրը Թուրքիայի համար եղբայրական պետություն է, ու Անկարան շահագրգռված է նրա տնտեսական զարգացմամբ ու ներքին կայունության հաստատմամբ: Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունների թեմայով Իսրայելի արտգործնախարարության պատրաստած զեկույցի համաձայն Թուրքիայի վարչապետի սադրիչ հայտարարությունները գնահատվել էին որպես հակահրեաության հրահրում: Ի պատասխան այդ մեղադրանքի`Դավութօղլուն ասել է.
«Թուրքիայի պատմության ընթացքում ոչ մի անգամ հակասեմիտիզմ չի եղել ու չի լինի: Մենք ոչ մի կերպ չենք հանդուրժի հակասեմիտիզմը, ռասիզմը: Իսրայելին քննադատելը դեռ չի նշանակում հակասեմիտիզմ»:
Անդրադառնալով արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմանը` Թուրքիայի արտգործնախարարը ասել է, որ այն պարունակում է արձանագրությունների հիմնարար դրույթներին հակասող տարրեր:
Դավութօղլուն ընդգծելել է, որ արձանագրությունների նպատակն է ապահովել երկու հարևան պետությունների միջև մնայուն խաղաղություն, վերջ դնել երկու ժողովուրդների միջև եղած կանխակալ կարծիքներին ու նպաստել տարածաշրջանային կայունությանը: Նրա խոսքով` իրենք ակնկալում են, որ հայկական իշխանությունները կհետամտեն արձանագրությունների վավերացմանը: «Եթե ասվում է, որ Թուրքիան թող բացի սահմանը, իսկ որոշ բաներ էլ թող չիրագործվեն, ապա այդ դեպքում չենք կարող խոսել կարգավորումից»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Վերջինս նաև նշել է, որ իրենք չեն դանդաղեցնում ու չեն ուշացնում արձանագրությունների վավերացման ընթացակարգը:
Մինչդեռ հիշեցնենք, որ դրանք դեռևս հոկտեմբեր ամսին են հանձնվել թուրքական մեջլիսի Արտաքին կապերի հանձնաժողովին, որպեսզի վերջինս 45 օրվա ընթացքում կարծիք հայտնի փաստաթղթերի մասին: Անցել է անցել է ավելի քան երեք ամիս, և ուշացումն ակնհայտ է:
No comments:
Post a Comment