Wednesday, January 27, 2010

Պոլսո հայոց աթոռակից պատրիարքի ընտրություններում ճգնաժամ է

Tert.am. 27-1-2010- Պոլսո հայոց պատրիարքարանի աթոռակից պատրարքի ընտրություններում առաջ են եկել որոշ խոչընդոտներ: Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ` ընտրություններում առաջ եկած ճգնաժամի պատճառ են դարձել աթոռակից պատրիարք ընտրելու նպատակով ձևավորված Նախաձեռնող խորհրդի ինքնագլուխ քայլերը: Խնդիրը հետևյալն է. Պատրիարքարանի հոգևոր խորհուրդը դիմել է Ստամբուլի նահանգապետարան` «աթոռակից պատրիարք» ընտրելու թույլտվություն ստանալու համար, որոշ ժամանակ անց Նախաձեռնող խորհուդն է այդ հարցով դիմել թուրքական իշխանություններին, սակայն ոչ թե «աթոռակից պատրիարք», այլ «պատրիարք» ընտրելու թույլտվության համար: Սա լուրջ քննարկման առարկա է դարձել Պոլսո հայոց համայնքում, քանի որ Նախաձեռնող խորհուրդն օժտված չէ նման լիազորություններով: Բացի այդ, համայնքը կարող է նոր պատրիարք ընտրել նախկին պատրիարքի մահվան կամ հրաժարականի դեպքում: Իսկ ինչպես հայտնի է, Պոլսո հայոց պատրիարքարանի աթոռակից պատրիարքի ընտրությունն անցկացվում է պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի պատճառով: Պոլսո հայոց պատրիարքարանի աթոռակից պատրիարքի ընտրություններին առաջադրվել են երեք թեկնածուներ` Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանն ու Գերմանիայի հայերի հոգևոր առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Բեկչյանը:

No comments: