Monday, February 1, 2010

Ծնելիության թիվն աճել է. հունվարին Երևանում 1636 ծնունդ է գրանցվել

Panorama.am. 1-2-2010- Մայրաքաղաքի տասը ծննդատներում այս տարվա հունվարին գրացվել է 1636 ծնունդ: Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը: Նրա հավաստմամբ, 2009-ին 2008-ի համեմատ ծնելիության թիվն ավելացել է 3000-ով: Ինչպես նշեց Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետը, անցյալ տարվա առաջին եռամսյակում կանանց կոնսուլտացիաներում հաշվառվել է 18 հազար 778 հղի, մինչդեռ 2008 թվականի դրությամբ հաշվառված է եղել 16 հազար 17 հղի: «Այս ցուցանիշն արդեն վկայում է, որ մենք ամրագրել ենք ծննդկանների թվի աճ: Ըստ այդմ էլ, տարվա վերջում երեխաների թվի աճ ենք արձանագրել: Բացի այդ, պետք է նշել, որ 2008 թվականին հանրապետությունում գրանցվել է 41 հազար 454 ծննդաբերություն, ինչը՝ 1135-ով ավելի է 2007 թվականին գրանցված ցուցանիշից»,- ասաց Կ. Սարիբեկյանը: Նա նաև նշեց, որ անցյալ տարի կեսարյան հատումներով ավարտվող ծննդաբերոթյունների միջին հանրապետական ցուցանիշն այս տարի չի ավելացել. պահպանվում է 2008-ին գրանցված 15%-ը: Այսպիսով` 2009-ի հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում գրանցվել է 6222 ծննունդ, ընդ որում, Երևանում գրանցված ծնունդների թիվը 471-ով ավել է 2007 թվականին նույն ամիսներին գրանցված ծնելիության թվից: Ինչպես Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը, այս ոլորտի հաջողությունները, ինչպես նաև առողջապահության ոլորտում գրանցված դրական փոփոխությունները կառավարության վերջին նիստում գնահատել է նաև հանրապետության վարչապետը` արձանագրելով 4 ոլորտի հաջողությունները: Մասնավորապես նա նշել է, որ ծնելության օժանդակության ծննդօգնության պետական հավաստագիրը տվել է իր դրական արդյունքը: Շ. Հունանյանի հավաստմամբ, վարչապետը նաև նկատել է, որ միջազգային կազմակերպությունների ուսումնասիրության տվյալներով ստվերայնությունն այս ոլորտում 90 %-ից նվազել է մինչև 21 %-ի: Նշենք, որ ամենօրյա ռեժիմով ծննդատներում լինում են նախարարության մոնիտորինգային խմբեր, որոնք զրուցում են և´ բուժկենտրոնների անձնակազմի, և´ ծննդկանների հետ: Հիշեցնենք, որ հղիների անվճար հավաստագրերի տրամադրումը հանրապետությունում սկսվել է 2008 հուլիսի 1-ից: Հավաստագիրը վկայում է, որ հանրապետությունում հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունն ու սպասարկումն անվճար են իրականացվում: Այն պետության կողմից անվճար բուժօգնության իրավունքի հաստատումն է:

No comments: