Monday, February 1, 2010

Էրդողանը քննադատել է Սարկոզիին

Tert.am. 1-2-2010- Թուրքիան համբերատարությամբ շարունակում է ջանքեր գործադրել ԵՄ անդամակցության ուղղությամբ, սակայն ուզում է, որ ԵՄ անդամ երկրներն էլ անկեղծություն ցուցաբերեն։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Ցավալի է, որ ԵՄ անդամ երկրների մի մասը ճիշտ չի գործում. փորձում են Թուրքիային նեղ վիճակի մեջ դնել։ Սակայն հարկ է իմանալ, որ մենք՝ առաջնորդներս, գալիս և գնում ենք, իսկ ժողովուրդները՝ մնում։ Որևէ երկրի առաջնորդի՝ մեկ այլ պետության նկատմամբ ցուցաբերած բացասական մոտեցումը պատճառ է դառնում, որպեսզի այդ երկրի ժողովուրդը փոխի իր վերաբերմունքը մյուս երկրի նկատմամբ»,- հայտարարել է Էրդողանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում ունեցած բացասական դիրքորոշմանը։ «Հարգարժան Սարկոզին ոչ խելամիտ և անընդունելի քայլեր է անում։ Ամեն դեպքում, ինչպիսի արգելքներ էլ դնեն մեր առջև, շարունակելու ենք անդամակցությանն ուղղված աշխատանքները։ Սակայն, բնականաբար, դա էլ իր վերջն ունի»,- նշել է Էրդողանը՝ ընդգծելով, որ Թուրքիան կշարունակի ԵՄ անդամակցության գործընթացն այնքան ժամանակ, քանի դեռ Եվրամիության բոլոր անդամները չեն հայտարարել, որ Թուրքիային չեն ուզում տեսնել ԵՄ կազմում։

No comments: