
/PanARMENIAN.Net/ 17.02.2010 - Հայաստանը նախաձեռնել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, եւ պետք է շարունակի այդ գործընթացը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ի խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա խոսքերով, Երեւանը ցույց կտա, որ հավատարիմ է մնում իր խոսքին»:
Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանի խորհրդարանը 100%-ով կվավերացնի Արձանագրությունները, եթե Թուրքիան իր հերթին վավերացնի դրանք: Պետրոսյանը չբացառեց նաեւ այն, որ ՀՀ-ի խորհրդարանը ավելի շուտ կարող է սկսել Արձանագրությունների քննարկումը:
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացմանը` Պետրոսյանն ասել է, որ Հայաստանի համար վավերացման խելամիտ ժամկետը մինչեւ ապրիլի 24-ն է: «Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն որոշել է մարտի 4-ին քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը, ապա խելամիտ ժամկետ կարելի է համարել տվյալ ամսաթիվը», - ասել է նա, եւ ավելացրել, որ եթե մինչ այդ Թուրքիան որեւէ քայլ չձեռնարկի, ապա Հայաստանն ավելի ակտիվ կաշխատի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:
Ընդ որում նա նշել է, որ գործընթացի ձախողման դեպքում, հարաբերություններն երկու երկրների միջեւ ավելի կվատթարանան, քան եղել են այդ գործընթացից առաջ:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
No comments:
Post a Comment