Monday, February 1, 2010

Դատական խորհուրդը եւ նրա անելիքները (6)

Այս հոդվածաշարը քննարկման նյութ է ընտրել ամուսնական կյանքի դառը էջը, այն հույսով, որ կկարողանա որոշ չափով օգտակար լինել նորակազմ ընտանիքներին ու նաեւ տագնապ ապրող զույգերին եւ իհարկե հասարակության հարցերը հասցնել Դատական խորհրդի ականջին ու հնարավորինս օգտակար խորհուրդների աղբյուր դառնալ բոլորի համար: Սակայն, դժբախտաբար, երբեմն զղջում ենք մեր արածից, որովհետեւ մեր «ազգայինների» մոտ առաջնային չափանիշը յուրային լինելն է, ահա թե ինչո՞ւ: Մեզ, երեւի նաեւ Առաջնորդարանին, հասած նամակների եւ հեռախոսազրույցների մեջ, Դատականի պարագային, հիմնական դժգոհությունները վերաբերում էին գործերի ձգձգմանն ու որոշ մարդկանց սխալ վերաբերմունքին, ընդորում քննադատության նետը առաջին հերթին ուղղված էր մեկ «թիրախի»` օր. Թալին Բանդարիի հասցեին: Իսկ տարօրինակն այն է, որ կարծես դժգոհանքներն այնքան էլ չեն ազդում մեր Թեմականին ու նրա ատենապետ` օր. Աիդա Հովհաննիսյանին, որովհետեւ այդ ամենից հետո ոչ միայն օր. Թալինը մնում է Դատականի կազմում, այլ ավելին` գրավում է ատենապետի պաշտոնը: Նոր Դատական մարմնի կազմը, որի գործունեության ժամանակաշրջանը սկսվել է 2009թ. մայիսից եւ շարունակվելու է մինչեւ 2011թ. մայիսը. Թալին Բանդարի` ատենապետ, Նժդեհ Այվազբալյան` ատենադպիր, Տ. Վարազդատ ավագ քհն. Տերտերյան, Տ. Վազգեն քհն. Շմավոնյան, (հեռացված), Բեթի Հայրապետյան, Հրայր Դանիելյան եւ Մարո Այվազյան: Հարց է առաջանում` արդյո՞ք մարդուժի պակասի հետեւանքով կարելի է խախտել կանոնները: Արդյո՞ք կուսակցության հավատարիմ լինելը բավարար է որեւէ պաշտոն զբաղեցնելու համար: Վերջին հաշվով բարոյական որ իրավունքով չամուսնացած օրիորդը կարող է որոշում կայացնել ամուսնացած մի զույգի համար եւ արդյոք նման մարդու ներկայությունը այդ կարեւոր մարմնում, այն էլ ատենապետի պաշտոնում, չի արժեզրկելու մյուսների աշխատանքը: Դժբախտաբար, վիճակը նույնն է նաեւ ազգային մյուս, մանավանդ նյութականի հետ առնչվող, մարմիններում` Կալվածային մարմինի ատենապետը Վարուժ Հովհաննիսյանն է, ՀՅԴ պատասխանատու անդամ, Կրթական խորհրդի ատենապետը` կուսակցական Հրայր Շահնազարյանը, Հարաբերական մարմնինը կուսակցության պաշտոնաթերթ` «Ալիք»-ի աշխատակից եւ լրագրող Կարինե Դավթյանը, «Ա. Ավետիսյան» բուժարանի խնամակալ մարմնինը` դարձյալ կուսակցական Նորայր Աբուլյանը եւ այլն: Հրայր - - - Պատգամավորական ժողովի որոշ պատգամավորների հետ զրույց ունեցա Դատական խորհրդում մասնագետ մարդու ներկայություն ունենալու կարեւորության մասին: Նրանցից որոշները ասացին, որ բյուջե չունենք մասնագետներ վարձելու համար: Որոշներն էլ պնտեցին, որ իսկապես, Դատականում գործելը շատ դժվար է, որ մարդիկ իրավունք ունեն ջղայնանալ եւ մեկ-մեկ էլ իրենց կամքից անկախ անհարգալից խոսքեր ասել: Իսկ ամենահետաքրքիրը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շրջանի պատգամավորներից մեկի խոսքերն էին: Նա ասում էր, որ իմ եւ իմ նմանների խնդիրը հենց իր խնդիրն է համարում, քանի որ ինքն էլ Զեյթուն (Մաջիդիե) քաղաքամասում, այդ խնդիրների շուրջ պատասխանատու անդամներից մեկն է: Նա պատմում էր, որ շատ է պատահել որ գիշերները անկողնում ժամեր լաց է եղել մեր նման դիմողների դժվարությունների համար: Երեւի նա չի էլ պատկերացնում, որ իմ հարցը հենց դրանում է, որ մարդկանց դժվարությունները լացելով չի կարելի լուծել, այլ մասնագիտական ու պատասխանատու վերաբերմունքով, թե չէ՝ ոչ ոք մարդու համար չի կարող լացել այնպես ինչպես ինքը... Վարդան

No comments: