Monday, February 1, 2010

Նրանք` որ գնացել են, նրանք` որ մնացել են

- Նրանք, որ գնացել են, ամեն օր կարոտով ստուգում են իրենց էլեկտրոնային նամակատուփերը, այն հույսով, որ գուցե նրանցից, ովքեր մնացել են, նամակ ունենան, իսկ չունենալու դեպքում բեզարում են: + Նրանք, որ մնացել են, ոչ ամեն օր, գոնե մեկ օր մեջ, ստուգում են իրենց նամակատուփերը եւ եթե նրանցից, ովքեր գնացել են, նամակ չեն ունենում անհանգստանում են: -Նրանք, որ գնացել են, սպասում են՝ նրանք, որ մնացել են, իրենց նամակ գրեն: Մտածում են, որ հիմա` երբ մնացողների կյանքի ընթացքից դուրս են գնացել, նրանք է, որ պիտի որոշեն, թե արդյոք կամենում են իրենց ընկերությունը շարունակե՞լ հեռվից, թե ոչ: + Նրանք, որ մնացել են, սպասում են՝ նրանք, որ գնացել են, իրենց նամակ գրեն: Մտածում են, նրանք, որ գնացել են, իրենց ապրելակերպը փոխած կլինեն եւ էլ չեն սիրի հարաբերվել նրանց հետ, որ մնացել են: - Նրանք, որ գնացել են, նույն պահին, որ իրենց պատրաստի ճաշն են տաքացնում, մենության մեջ ուտելու համար, մտածում են` նրանք, որ մնացել են հիմա միասին, իրար շուրջ նստած, «ղորմե սաբզի» ու «զաֆարանով փլավ» են ուտում եւ ասում, ծիծաղում են: + Նրանք, որ մնացել են, իրենց ճաշը պատրաստելու պահին, մտածում են` նրանք, որ գնացել են հիմա, իրենց նոր ընկերների հետ, խոսում զվարճանում են եւ այն կերակուրներից են ուտում, որ խոհարարական գրքերում նկարները կա: - Նրանք, որ գնացել են, մտածում են` նրանք, որ մնացել են, միշտ իրար հետ գնում են պտույտի` քոֆիշափ, շուկա… եւ աշխարհի քեֆն իրենցն է ու նրանց, ովքեր աշխարհի մյուս անկյունում միայնակ ընկած են, մոռացել են: + Նրանք, որ մնացել են, մտածում են` նրանք, որ գնացել են, անընդհատ պար ու դիսկո են գնում ու շատ լավ են անցկացնում եւ նրանց, ովքեր այս «դժոխքում» գերի են ընկել, մոռացել են: - Նրանք, որ գնացել են, հասկանում են որ այն խմիչքներից ոչ մեկը իրենց դուր չի գալիս ու մի բաժակ, մարդավարի «դամած» թեյի կարոտ են քաշում: + Նրանք, որ մնացել են, սրտներն ուզում է, մեկ անգամ էլ որ լինի, մի խանութ մտնեն, որ էս ծայրից մյուսը լցված լինի խմիչքներով, որ կարողանան ինչ-որ ուզում են ընտրեն: - Նրանք, որ գնացել են, ոստիկանության գրասենյակում, երբ կեցության իրավունք ստացողների շարքում կանգնած են ու տեսնում են, որ ոստիկանները օտարներին ինչպես են ձողերով հրում, մտածում են` որ այն «դժոխքում» ուր ապրում էին, գոնէ իրենց երկիրն էր, առնվազն իրենց օտար չէին զգում: + Նրանք, որ մնացել են, ոստիկանության հետ ամենաթեթեւ շփումն ունենալու դեպքում, մտածում են` նրանք, որ գնացել են, ինչ մեծ հարգանք են վայելում: - Նրանք, որ գնացել են, պատուհանի դիմաց նստած, աչքերը հառել են բակին ու մտածում են՝ եթե վերադառնան, որտեղ պիտի անցնեն աշխատանքի, կամ արդյո՞ք ընդհանրապես, մարդավարի մի գործ կգտնեն թէ չէ, ի վերջո այնտեղ արհեստի տեր մարդիկ էին: + Նրանք, որ մնացել են, մտածում են` նրանք, որ գնացել են, հիմա մարդավարի գործերով են զբաղված, իսկ իրենք` այստեղ, «շան պես» քարշ են գալիս: - Նրանք, որ գնացել են, անընդհատ խանդավառված, ստորագրում են հայտարարությունների տակ ու ցանկանում են իրենց փակցնել այն երկրի քաղաքական հոսանքին, որ արդեն նրանում չեն: + Նրանք, որ մնացել են, կարծում են` նրանք, որ գնացել են, էլ իրավունք չունեն ոչ մի բանի մասին կարծիք հայտնելու, որովհետեւ այնտեղ իրենց քեֆն են անում: - Նրանք, որ գնացել են, լուրերով չեն հետաքրքրվում, իրենց կապ չունի, թե այդ երկրներում, որ ապրում են, ի՞նչ է անցնում: + Նրանք, որ մնացել են, անընդհատ, «ցենզուրայի չենթարկված» լուրեր են փնտրում: - Նրանք, որ գնացել են ուզում են վերադառնալ: + Նրանք, որ մնացել են, ուզում են գնալ: - Նրանք, որ գնացել են, իրենց երկրի կարոտն են քաշում: + Նրանք, որ մնացել են, մյուս կողմից իրենց մտքում ավետյաց երկիր են կառուցում: .- Նրանք, որ գնացել են, իրենց միայնակ են զգում: Նրանք, որ մնացել են, նաեւ իրենց միայնակ են զգում: Այս մի կետում նրանք ընդհանուր կարծիք ունեն` նրանք, երկու կողմն էլ, միայնակ են զգում իրենց: Երանի աշխարհն այսքան դաժան չվարվեր մեզ հետ: Պարսկերենից թարգմանեց եւ լրացրեց` Սեւակ

No comments: