«Լրագիր» 8-2-2010- Հայկական հեռուստաեթերում էրոտիկայի, բռնության ու սարսափի, անչափահասների վրա բացասական ազդեցություն թողնող հաղորդումների կանխմանն ուղղված չափորոշիչների նախագծի հրապարակումն առաջացրել է բավական նկատելի արձագանք: Բայց հատկապես հետաքրքրական է այն սուբյեկտների արձագանքը, որոնց ուղղակիորեն վերաբերելու են չափորոշիչները: Խոսքը հեռուստաընկերությունների մասին է:
Նրանց արձագանքից տպավորություն է ստեղծվում, որ Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային հանձնաժողովի մշակած այդ չափորոշիչներին սպասում են դեռ մանկուց: Հեռուստաընկերություններից որեւէ մեկի մոտ որեւէ լուրջ դժգոհություն չկա: Կարծես թե հանձնաժողովի չափորոշիչները ենթադրում են եթերային քաղաքականության կտրուկ վերանայում, փոփոխություն, բայց հեռուստաընկերություններն այդ կապակցությամբ որեւէ ասելու բան չունեն: Նույնիսկ ուրախ են ու գոհ:
Տպավորություն է, թե մինչեւ այժմ իրենց եթերային քաղաքականությունը իրենք չէին մշակում, այլ ինչ որ մեկը ինչ որ մի ուրիշ տեղ նստած, ու հեռուստաընկերությունները սպասում էին, որ հանձնաժողովը չափորոշիչներ մշակի ու իրենց ազատի այդ ինչ որ մեկի պարտադրած եթերից:
Բայց, մյուս կողմից, դա միանգամայն հավանական իրավիճակ է: Բանն այն է, որ հայկական հեռուստաեթերն իր ներկայիս բովանդակությանն անցավ բավական արագ: Բավական արագ սկսեցին նկարահանվել “քրեական դրամաները” կամ “քրեական մելոդրամաները”, բավական արագ սկսեցին տարածվել մեկը մյուսից ավելի հարթ հումորային հաղորդաշարերը, տարատեսակ ակումբները, որտեղ հավաքվելն ու մի սեղանի շուրջ ծիծաղելը դարձավ “գլամուրային” կյանքի կարեւոր բաղադրիչ, անկախ նրանից, թե ինչ մակարդակի հումոր էր հնչում բեմից:
Այդ, եւ հեռուստաեթերի այլ “մետամորֆոզների” սինխրոնացվածությունը հուշում էր, որ այդ ամենը կարծես թե ղեկավարվում է միեւնույն կենտրոնից, որովհետեւ հազիվ թե հեռուստաընկերություններն այդքան ներդաշնակ ու “թիմային” քաղաքականություն վարեին: Ու այն, որ այժմ հեռուստաընկերությունները գոհ են եւ ուրախ, որ իրենց եթերը փորձում են տալ “փոշեծծիչի” բերան, թերեւս հիմք է տալիս մտածել, որ հեռուստաալիքներն իրենք էլ իրենց եթերային քաղաքականությունից գոհ չեն եղել, այլ այդ քաղաքականությանը համաձայնվել են պարտադրված:
Իսկ թե ինչու կարող էր այդօրինակ եթերը պարտադրված լինել, թերեւս կարելի է մտածել: Օրինակ, այդօրինակ “քրեապաշտ” եթերը կարող էր նպաստավոր լինել այն ժամանակահատվածում, երբ երկրի հասարակական-քաղաքական կյանքում ընդդիմությանը հաջողվել էր գծել հստակ սահման եւ սահմանի այս ու այն կողմում դնել քաղաքացիական արժեհամակարգն ու քրեապետական բարքերը: Մշտապես իշխանության գործիք եղած հեռուստաեթերով քրեական կյանքի քարոզը կարող էր թերեւս ունենալ այդ սահմանը լղոզելու նպատակ, քաղաքացիներին փորձելով համոզել, որ քրեական մտածողությունը գուցե այդքան էլ վատ բան չէ, գուցե նույնիսկ լավ բան է, արդար բան է:
Երեւի թե համարվում է, որ այժմ այդ սահմանը լղոզված է, այլեւս չկա հստակ սեւ-սպիտակը, եւ հիմա այլ եթեր է պետք: Թերեւս պատահական չէ, որ իշխանությունը եթերի “ապաքրեականացման” մասին սկսեց մտածել դեռեւս ամիսներ առաջ, բայց կոնկրետ քայլերի ձեռնամուխ է լինում նոր: Ու դեռ հայտնի էլ չէ, թե դեռ ինչքան ժամանակ կանցնի, մինչեւ մշակված նոր չափորոշիչները նախագծից դառնան հաստատված կանոն: Չի բացառվում, որ դարձյալ անցնեն ամիսներ, մինչեւ իշխանությունը հաստատ համոզվի, որ կարողացել է հասարակության մոտ “քրեական” մտածողության հանդեպ բավարար չափաքանակի համակրանք ձեւավորել, որը թույլ չի տա այյլեւս երկրում առաջացնել “սեւ-սպիտակ” իրավիճակներ: Հավանաբար այդ համոզումից հետո միայն իշխանությունը կկատարի հեռուստաեթերը վերջնականապես “ապաքրեականացնելուն” ուղղված քայլը: Կամ, կարելի է ասել, երբ այդ քայլը կատարվի, դա կվկայի, որ իշխանությունն այլեւս համարում է, որ հասարակության մոտ մնացել է բավականաչափ “նստվածք”:
Դե, իսկ հարկ եղած դեպքում, “բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքի” տարբերակը կա ու կա: Ասենք որեւէ դժվարություն չի ներկայացնի այդ “խորագրի” ներքո սկսել տարատեսակ սերիալների հետահայաց ցուցադրությունը, եթե հանկարծ զգացվի, որ հասարակության “դոզան” անցնում է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հ.Գ. Չափորոշիչներից հեռուստաընկերությունների գոհ եւ ուրախ լինելը կարող է նաեւ շատ պարզ մի պատճառ ունենալ. նրանք պարզապես այլ ելք չունեն, քան իշխանության որեւէ որոշումից գոհ եւ ուրախ լինելը, որովհետեւ թերեւս ազատ չեն ոչ միայն եթերային քաղաքականությունը մշակելիս, այլ նաեւ իրենց զգացումներն ու մտորումները արտահայտելիս:
Monday, February 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment