«Լրագիր» 8-2-2010- Եվրանյուզ հեռուստաալիքում “ադրբեջանական օրեր” էին: Եվրանյուզը ցուցադրում էր հարցազրույց Իլհամ Ալիեւի հետ, մեծ ռեժորտաժ Ադբեջանի մասին, ուր ներկայացնում էր Ղարաբաղի հակամարտության պատճառով փախստական դարձած, իրենց տուն վերադառնալուն սպասող մարդկանց դաժան կենսապայմանները, ովքեր շնորհակալություն էին հայտնում Ադրբեջանի կառավարությանը օգնության համար, բայց ասում էին, որ ամենից լավը իրենց տարածքներ վերադառնալն է: Իսկ տարածքները, ըստ Եվրանյուզի, զբաղեցրել է Հայաստանը:
Երբ Եվրանյուզով մի որեւէ ռեպորտաժ է հեռարձակվում Հայաստանի կամ Ղարաբաղի մասին, Հայաստանի իշխանական վերնախավը այդ ռեպորտաժը վերահեռարձակում է Հայաստանի բոլոր հեռուստաընկերություններով ու այն ուղղակի կամ անուղղակի ներկայացնում որպես նախաձեռնողական եւ ակտիվ արտաքին քաղաքականության արդյունք: Այդպես եղավ օրինակ վերջերս, երբ Եվրանյուզը ռեպորտաժ էր պատրաստել Ղարաբաղի մասին: Հայաստանի պաշտոնական քարոզչությունը դա քիչ էր մնում ներկայացներ որպես Ղարաբաղի Եվրամիության անդամ դառնալու գործընթացի մեկնարկ:
Հիմա երեւի թե նույն կերպ է վարվում Ադրբեջանի իշխանությունը եւ Եվրանյուզի ռեպորտաժը պտտում է ադրբեջանական հեռուստաալիքներով, դա ներկայացնելով որպես ադրբեջանական արտաքին քաղաքականության նվաճում եւ տարածքներն ու Ղարաբաղը վերադարձնելուն ուղղված կարեւորագույն քայլ:
Եվրանյուզն էլ երեւի թե մտածում է, թե տեսնես էս հայերը չեն ուզում “նախաձեռնություն” եւ “ակտիվություն” ցուցաբերել ու մի “կոնտր” ռեպորտաժ պատվիրել: Իսկ Հայաստանն էլ երեւի թե մտածում է, կամ փորձում պարզել, թե արդյոք Ադրբեջանն ավելի շատ է վճարել ու բարձրացրել Եվրանյուզի “օբյեկտիվության” գինը, թե գինը մնացել է նույն “հաստատագրված” շրջանակում:
Բայց այդ ամենը երեւի թե այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն մտածողությունն է, որ կա հայկական եւ ադրբեջանական վերնախավերի մոտ: Նրանց թվում է, որ եթե Եվրանյուզը, կամ մեկ այլ մի հեռուստաալիք կամ ամսագիր ինչ որ հարցազրույց է անում իրենց հետ կամ ռեպորտաժ ցույց տալիս իրենց մասին, դա նպաստում է իրենց քաղաքական դիրքերի ամրացմանը եւ իրենց գործի առաջխաղացմանը: Ակնհայտ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի վերնախավերը մտածում են, որ իրենց հիմնական գործը արտասահմանյան լրատվամիջոցներում շատ երեւալն է, շատ ռեպորտաժներ պատվիրելը, շատ հոդվածներ կամ հարցազրույցներ հաջողացնելը: Նրանց թվում է, որ դրանով իրենք փոխում են իրականությունը, կամ իրականություն են ստեղծում, որը բարենպաստ է իրենց համար: Նրանց թվում է, թե աշխարհում Ղարաբաղի հակամարտությունը, կամ ընդհանրապես երկրի արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ որեւէ հարց լուծվելու է արտասահմանյան լրատվամիջոցների ռեպորտաժներով, որ աշխարհում այդ հարցերի լուծմանը ներգրավված քաղաքական կենտրոնները նստած հեռուստատեսություն են նայում ու թերթ կարդում, եւ ըստ այդմ որոշում, թե ինչ անեն եւ ինչպես վարվեն: Դա նշանակում է, որ ասենք ԱՄՆ, Եվրոպայի կամ Ռուսաստանի, կամ Բրիտանիայի ու չգիտես էլ ում շահը ձեւավորվում է առավոտյան մամուլի ընթերցումներից, ինչպես գուցե Հայաստանում է եւ Ադրբեջանում:
Իսկ գուցե Հայաստանի եւ Ադրբեջանի վերնախավերն ամենեւին էլ այդպես չեն կարծում, բայց ցանկանում են այդպես ներկայացնել հասարակություններին, որովհետեւ ավելի հեշտ է մի որեւէ արտասահմանյան լրատվամիջոցի ռեպորտաժ պատվիրելն ու դրանով իրենց հասարակությունների ուղեղները ասենք մի ամբողջ շաբաթ “լվանալ”, դա ներկայացնելով որպես աննախադեպ հաջողություն, քան իրական հաջողություն ապահովել սեփական երկրում, հասարակության կյանքում, ու դրանով “լվանալ” արտերկրի ուղեղները: Արտերկրի ուղեղներն ինչպես ցանկացած միջազգային խնդրի, այդ թվում եւ Ղարաբաղի հակամարտության հարցում առաջնորդվում են ոչ թե մամուլի հրապարակումներով, այլ այն իրականությամբ, որ կա տվյալ հակամարտության պարագայում:
Դա է կարեւոր, ոչ թե արտասահմանյան մամուլում եղած ռեպորտաժների եւ հարցազրույցների հաշվապահությունը: Դրանք մեծ հաշվով ոչինչ չեն փոխում, եթե անփոփոխ է երկրի ներքին իրավիճակը, որից է կախված արտաքին քաղաքականության ամրությունը: Ի դեպ, Եվրանյուզի թղթակցի հարցը Իլհամ Ալիեւի թագավորական զգացումների մասին, թերեւս դրա լավագույն վկայությունն է: Մինչդեռ, ամենեւին էլ չի բացառվում, որ Հայաստանի վերնախավում գուցե նախանձեն, որ Եվրանյուզը Ալիեւին այդպիսի հարց է տալիս, իսկ իրենց` ոչ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Monday, February 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment