News.am. 8-2-2010- Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Կարսի նահանգային համագումարի ժամանակ խիստ քննադատություն է հնչել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դեմ:
Թուրքական Siyasalbirikim կայքէջի փոխանցմամբ` ընդդիմադիր կուսակցության Կարսի նահանգային համագումարում կրկին Կարսի նահանգային կուսակցության ղեկավար ընտրված Չեթին Բիլգիրը իր ելույթում նշել է, որ ներկայումս իշխող կուսակցության օրոք Կարսի նահանգը հետընթաց է գրանցել կրթության եւ բուժսպասարկման ոլորտներում, քաղաքային բնակչությունը նվազել է, իսկ աղքատությունը ավելացել:
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Կարսի նահանգային վերընտրված ղեկավարը պնդել է, որ թուրքական իշխանությունների կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալելու արդյունքում ամենաշատ վնասները Կարսն է կրել:
Այս հայտարարության մեջ ամենահետաքրքիրը այն է, որ ընդդիմադիր գործիչը համարում է, որ թուրքական իշխանությունները արդեն տապալել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ի դեպ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավարը բազմիցս հայտարարել էր, որ իրենք խորհրդարանում դեմ են քվեարկելու ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին, քանի դեռ Ղարաբաղի խնդիրը չի լուծվել:
Նշենք, որ տարիներ առաջ Կարսի նախկին քաղաքապետի կողմից իրականացվել էր ստորագրահավաք՝ Հայաստանի հետ սահմանի բացման օգտին, եւ հավաքվել էր 50 հազար ստորագրություն: Սա բավականին մեծ թիվ է, քանի որ Կարսի բնակչությունը մոտ 70 հազար է:
Monday, February 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment