Monday, February 8, 2010

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈւԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՎԱԾ ԿԱՐԳԱՎՈՐՈւՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈւՆԻ

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովի հարցազրույցը Report.am-ին - Հայ-ֆրանսիական հարաբերությունները մեր երկրի անկախությունից հետո բարձր մակարդակի վրա են եղել: Դրա ապացույցներից են Հայաստանի նախագահների պետական և պաշտոնական բազմաթիվ այցերը Փարիզ, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի այցը Հայաստան։ Ինչպիսի՞ն են, ըստ Ձեզ, հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա վիճակը: - Հարաբերությունները Ֆրանսիայի և Հայաստանի միջև սերտ են և բնորոշված շփումների շարունակականությամբ բոլոր մակարդակներով։ Ընթացիկ տարին բացառություն չի լինի քանի որ մոտակա շաբաթների ընթացքում արդեն իսկ նախատաեսված են բարձր մակարդակի մի շարք այցեր։ Կհիշատակեմ նաև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում մասնավոր բնույթի նախաձեռնությունների բազմապատկումը։ Որպես օրինակ նշեմ Վերին Սենա դեպարտամենտի Գլխավոր խորհրդի ֆինանսավորմամբ իրականացվող ոռոգման կարևոր աշխատանքները Տավուշի մարզում, առողջապահության ոլորտում՝ սրտաբանական հիվանդանոցի արդեն իսկ զգալի առաջընթաց գրանցած շինարարությունը Գորիսում, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ֆրանս-հայկական ուռուցքաբանական կենտրոնի նախագիծը։ - Ինչո՞վ է պայմանավորված Հարավային Կովկասի նկատմամբ ողջ աշխարհի և մասնավորապես Ֆրանսիայի աճող հետաքրքրությունը, և ի՞նչ տեղ է գրավում Հայաստանն այդ հետաքրքրությունների մեջ: - Գլոբալիզացված աշխարհում հեռավորությունները կրճատվում են։ Կովկասյան տարածաշրջանը դարձել է ընդլայնված Եվրամիության հարևանը և այսուհետ օգտվում է հարևանության և արևելյան գործակցության քաղաքականությունից։ Տարածաշրջանի կայունությունը գերակա մտահոգություն է Եվրամիության և Ֆրանսիայի համար։ Բացի այս, ակնհայտ է, որ տարածաշրջանը կարևոր դերակատարություն ունի Եվրոպայի էներգակիրների մատակարարման առումով, մասնավորապես կասպյան էներգառեսուրսների տարանցման տեսանկյունից։ Ֆրանսիան ջանում է օժանդակություն ցուցաբերել տարածաշրջանի կայունացմանը Մինսկի խմբի շրջանակներում՝ մասնակցելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված լուծման որոնման գործընթացին։ Մենք նաև սատարում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև ծավալված հարաբերությունների նորմալացմանն ուղղված գործընթացը։ Ինչ վերաբերում է հատկապես Հայաստանին, ապա Ֆրանսիան ցանկանում է խորացնել անկախությունից հետո Հայաստանի հետ հաստատած յուրահատուկ կապը։ Այդ հարաբերությունների սերտությունը մասնավորապես, սակայն ոչ բացառապես, բացատրվում է Ֆրանսիայի ստվար հայ համայնքով։ Ֆրանսիան պատրաստ է օժանդակել ժողովրդավարությանը, էկոնոմիկայի արդիականացմանը և Եվրամիությանը միտված Հայաստանի ջանքերին։ - Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Հայաստանի իշխող կուսակցությունից ավելի ու ավելի հաճախ են հնչում հայտարարություններ այն մասին, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ողջամիտ ժամկետը կարող է լինել ընթացիկ տարվա ապրիլը, ինչից հետո Թուրքիայի կողմից քայլեր չձեռնարկվելու դեպքում Հայաստանը ետ կվերցնի իր ստորագրությունը: Ձեր կարծիքով` հայաստանյան իշխանությունների նման դիրքորոշումը ընդունելի կլինի՞ միջազգային հանրության կողմից: Նույնը` նաև Թուրքիայի պարագայում: - Կարծում ենք, որ ամեն ինչ պետք է արվի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը միչև վերջ հասցնելու համար։ Խոսքը երկու երկրների միջև պատմական տարաձայնությունները հաղթահարելու եզակի հնարավորության մասին է։ Ցավալի կլիներ, եթե ամեն ինչ չարվեր դրանից օգտվելու համար։ - Ֆրանսիան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարժիչ ուժը հանդիսացող երկիր է: Հայ-թուրքական արձանագրություններին «ոչ» ասող քաղաքական ուժերը պնդում են, որ դրանցով մեծ հարված է հասցվում և անգամ կասեցվում է ամբողջ աշխարհում ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Ձեր նկատառումներն այդ հարցի առնչությամբ: - Ըստ իս, երկու հարցերը ինքնին կապված չեն։ Իմ պատկերացմամբ, արձանագրությունների ստորագրումը չի ենթադրում հրաժարում ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու հայ ազգի օրինական պահանջատիրությունից։ Այլ կերպ ասած, եթե հայկական իշխանությունները հրաժարվել են այն նախապայման դարձնելուց՝ մի բան որն անհնարին կդարձներ արձանագրությունների բանակցումը, դա չի նշանակում, թե ցեղասպանության ճանաչման հայ ժողովրդի ձգտումն անտեսվել է։ - Կխնդրենք ներկայացնել Ֆրանսիայի` իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի ներկա տեսակետը ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ: - Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված կարգավորումն այլընտրանք չունի։ Կարգավորումը ենթադրում է, որ կողմերը պետք է համաձայնվեն փոխզիջումների գնալ և ուրեմն քաղաքական կամք դրսևորեն։ Այժմ բանակցային դժվար փուլում ենք, որը, կախված կողմերի կայացրած որոշումներից, կարտահայտվի կա՛մ առաջընթացով դեպի կարգավորում, կա՛մ նահանջով բանակցային գործընթացում։ - Ինչպե՞ս եք գնահատում ժողովրդավարական ինստիտուտների, մասնավորապես ընտրական գործընթացների և ԶԼՄ-ների վիճակը Հայաստանում: - Գրանացված առաջընթացներին հակառակ, որոշ պրակտիկաներ լիովին չեն վերացել։ Կարելի է միայն հուսալ, որ կառավարության վարած բարեփոխումների և Եվրամիության հետ սերտանալուն միտված քաղաքականության շրջանակներում, Հայաստանը հաջողությամբ կիրականացնի ժողովրդավարական բարեփոխումները։

No comments: